Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Սուքիասյանը խոստացել էր Աֆրիկայից ադամանդի հումք ներմուծել կես գնով (տեսանյութ)

Հասարակություն
ofshor

8 մլրդ 519 մլն 412 հազար 692 դրամ. ճիշտ այսքան գումար գործարար Փայլակ Հայրապետյանը պահանջում է Աշոտ Սուքիասյանից՝ իր կրած վնասների համար։ Այսօրվա դատական նիստի ընթացքում Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց այս գումարի չափով հայցադիմումը եւ նշեց, որ դատավորը պետք է այն քննության առարկա դարձնի։ Բացի Փայլակ Հայրապետյանից, Աշոտ Սուքիասյանից գումարային պահանջներ ունեին նաեւ գործով մյուս տուժողները՝ Վարդան Հայրապետյանը եւ Գագիկ Ղարիբյանը։ Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչը խնդրեց նրանց քաղհայցվոր ճանաչել, իսկ Աշոտ Սուքիասյանին՝ քաղաքացիական պատասխանող։ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը նշեց, որ ամբաստանյալի մեղքը դեռ չի ապացուցվել, եւ նման հայցի քննարկումը դեռ վաղ է. «Աշոտ Սուքիասյանը դիտավորությամբ հանցագործություն չի կատարել, պարզապես բիզնեսը ձախողվել է»։ Իսկ բուն հայցադիմումին պաշտպանը կանդրադառնա հաջորդ դատական նիստի ընթացքում։ Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց նաեւ գործով վկա Նելլի Հարությունյանը՝ նշելով, որ էկոնոմիկայի  նախարարությունում դեռ 2009 թվականին կայացած խորհրդակցության ժամանակ, որին ներկա է եղել նաեւ նախկին նախարար Ներսես Երիցյանը, Աշոտ Սուքիասյանը խոստացել է Աֆրիկայից ադամանդի հումք ներմուծել շուկայական արժեքից ուղիղ կես գնով, սակայն ներկաներին դա հավատ չի ներշնչել։ Հիշեցնենք, որ Փայլակ Հայրապետյանն իրեն սնանկացնելու գործում մեղադրում է  նաեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին։