Ափսոս էր երեխան
Վահան Մարտիրոսյանը անկախ Հայաստանի, թող ներվի ասել, ամենաինքնատիպ կերպարներից է։ Եվ հիմա կիմանաք, թե՝ ինչու։ Մարդը ուսանողական բողոքի գործողություն ղեկավարե՞լ է։ Ղեկավարել է։ Հանդիպե՞լ է պետական պաշտոնյաների հետ իր բողոքի շրջանակներում։ Հանդիպել է։ Նրա հանդեպ,-թույլ տանք հավատալ իր ասածներին,-բռնություն եղե՞լ է։ Համարենք, որ եղել է։ Այսինքն, անցել է Հանրապետական դառնալու ամբողջ զարտուղի ճամփան։ Վազգեն Խաչիկյանն ու Արմեն Աշոտյանն այդ ճանապարհն անցել են ուղղակիորեն, առանց դես ու դեն ընկնելու, հենց սկզբից ՀՀԿ-ական դառնալով, այս տղան այդ ճամփան անցել է զարտուղի ճանապարհով։ Եվ, բնականաբար, միշտ չէ, որ այդպիսի ճանապարհը բերում է հենց ՀՀԿ-ի դուռը։ Մենք այդպիսի մեկին գիտենք՝ Սամվել Ֆարմանյան։ Սկսեց ՕԵԿ-ից, հարձակվեց իշխանության վրա, հետո դարձավ ՀՀԿ-ական։ ՕԵԿ-ն, իհարկե, ամենազարտուղի ճանապարհը չէ։ Մենք Արտաշես Գեղամյան եւ Հայկ Բաբուխանյան ունենք։ Էս վերջինը նույնիսկ դանակահարվել է, Գեղամյանի վրա ձվեր են շպրտել արմատական ընդդիմադիր լինելու օրերին։ Եվ հիմա նրանք ԱԺ պատգամավոր են։ Անձամբ իմ կարծիքով Վահանի դավաճանությունն ու այս մարդկանց պատգամավոր լինելը տարբեր բաներ չեն։ Կարիերայի նույն շարժն է։ Ինչո՞վ է Վահան Մարտիրոսյանը տարբերվում, ասենք, Վահան Բաբայանից կամ Տիգրան Ուրիխանյանից։ Ոչ մի բանով։ Թվարկված բոլոր անուններն էլ աշխատել եւ աշխատում են ընդդեմ հայ ժողովրդի։ Այսինքն, ի շահ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի։ Մարտիրոսյանին Բաբայանից նույնիսկ չի տարբերում այն, որ Մարտիրոսյանը հաստատ քրեական օրենսգրքով պատասխան չի տալու իր արարքների համար։ Բաբայանն էլ իր դավաճանության անունը դրել է քաղաքական գործունեություն։ Մարտիրոսյանը, վստահեցնում եմ, ավելի սարսափելի դավաճան չէ, նա բացահայտել է իրեն, մենք նրան դեմքով գիտենք, ազատ ենք նրա մասին որակումների մեջ։ Իսկ ինչպե՞ս վարվել Հայաստանի ներսում վահանմարտիրոսյանություն անողների հետ։ Շնորհիվ այդ տղաների այսօրվա կեցվածքի է, որ աշխարհը Հայաստանն ավտորիտար չի համարում, նրանք գնում եւ սեղմում են խիստ անլեգիտիմ Սերժ Սարգսյանի ձեռքը եւ կոչվում են ընդդիմադիր։ Վահան Մարտիրոսյանը փնովում է Սերժ Սարգսյանին մի երկրում, որտեղ հակառակն ասելու կամ ոչինչ չասելու համար նրան ուղղակի կոչնչացնեին։ Բայց Վահանը Հայաստանը փնովում է սրտանց։ Ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը գովերգում են վերը թվարկված անձինք։ Հետեւաբար, Վահանը ի սկզբանե այս տղաներին է օրինակ ունեցել, երբ մտել է քաղաքականություն։ Նա երազել է դառնալ ԱԺ պատգամավոր, որովհետեւ, ըստ իրեն, ոչնչով պակաս չէ Սամվել Ֆարմանյանից, Տիգրան Ուրիխանյանից, Վահան Բաբայանից եւ մյուսներից։ Նա Բաքու չէր փախչի, եթե երաշխիք ունենար, որ կդառնար պատգամավոր։ Ի վերջո խորհրդարան մտնելու համար նա նույնիսկ հանցագործություն է արել, փող է գողացել։ Մենք ինչքա՞ն հանցագործ ունենք ԱԺ-ում։ Հենց իրենց կատարած հանցանքներով են նրանք դարձել ցանկալի եւ կառավարելի։ Բայց նա փախել է, որովհետեւ չի ունեցել որեւէ երաշխիք, որ իր անմարդկայնությամբ կարող է օգտակար լինել Սերժ Սարգսյանի իշխանությանը։ Մհեր Արշակյանի հոդվածը «Ա1+»-ի բլոգում