Պաշտպանին չի հետաքրքրում, թե որտեղից են իր մոտ բերում Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)
Մայիսի 2-ին Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կալանավորված Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու համար նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Նրա խոսքերով՝ քննիչն իր միջնորդությունը մեկնաբանել է նրանով, որ առերեսումներ, հարցաքննություններ պետք է կատարվեն։ «Քննիչի միջնորդությունը շատ վատ եմ գնահատում եւ հիմքեր չկան նրան կալանքի տակ պահելու համար։ Միայն Հարություն Զաքարյանն է ասել, որ Տիգրան Խաչատրյանն է իրեն հարվածել, ուրիշ ոչ -ոք»,- ասաց Արմեն Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ միջադեպից հետո Հարություն Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։ Արմեն Մելքոնյանը, սակայն, չգիտի՝ իր պաշտանյալը այս պահին խցո՞ւմ է գտնվում, թե՞ ՔԿՀ-ի բուժմասում։ «Եթե կալանավորը վատ է զգում, մի խցից հանում են, մի ուրիշ խուց են տանում, անպայման պաշտպանին ասո՞ւմ են։ Վերջին անգամ մեկ շաբաթ առաջ եմ հանդիպել։ Ես, որ գնում եմ տեսակցության, նրան բերում են քննչական սենյակ, թե բժշկական սենյակից են բերում, թե ոչ բժշկական սենյակից, ինձ դա չի հետաքրքրում։ Դա չգիտես ինչի հետաքրքրում է միայն մեր ժուռնալիստներին։ Ինչիս է պետք նրան որտեղից են բերում։ Հարցրել եմ Տիգրան ջան, ոնց ես, ասել է՝ ոչինչ, եւ դա ինձ բավարարել է»,- զայրացած ասաց Արմեն Մելքոնյանը։ Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել է հուլիսի 25-ին՝ գործով տուժող Հարություն Զաքարյանի հետ առերեսվելուց հետո: Զաքարյանը առերես հարցաքննության ժամանակ պնդել է, որ իր աչքին հարվածել է Տիգրան Խաչատրյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Հոդվածը նախատեսում է երեքից մինչեւ յոթ տարի ժամկետով ազատազրկում։