Արմեն Վարդանյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը չկարողացավ մեդալ նվաճել Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային 2-րդ օրը: Մրցագորգ մտած մեր 4 պատվիրակները՝ 59 կգ քաշային Ռոման Ամոյանը, 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 80 կգ քաշային Էդուարդ Սարգսյանը եւ ծանր քաշային Էդգար Խաչատրյանը, բավական անվստահ հանդես եկան եւ արդեն նախնական փուլերում դուրս մնացին պայքարից: Իսկ ահա Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Արմեն Վարդանյանը 71 կգ քաշային կարգում հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ մրցեց ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ: Ցավոք, մեր հայրենակիցը լարված պայքարում 4:6 հաշվով պարտություն կրեց եւ բավարարվեց արծաթե մեդալով: Այսօր պայքարի մեջ կմտնեն միայն 85 կգ քաշային ըմբիշները: Մեր մարզիկ Մաքսիմ Մանուկյանը 1/16 եզրափակիչում կհանդիպի Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիդ Չակվետաձեի հետ: