Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5500 տարեկան կոշիկը կրկին լույսի շող չի տեսնում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
koshik

7 տարի առաջ մութ քարանձավից  լույսի աշխարհ  բերված   մոտ  5500 տարեկան կոշիկն այսօր կրկին լույսի շող չի տեսնում։ «Ինքը պահվում է առանց լուսավորության, որպեսզի տաքությունից որեւէ բան նորից չվնասվի»,- «Ա1+»-ին ասաց Հայաստանի պատմության թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Արմինե Զոհրաբյանը։ Աշխարհի հնագույն կոշիկը, որը  Արենի գյուղի քարանձավներից մեկում գտնվել է 2008-ի սեպտեմբերին, պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում։ Այցելուների հետաքրքրությունը կոշիկի նկատմամբ չի մարում։ Թանգարանում այլ արժեքավոր առարկաներ էլ են ցուցադրվում։  3500 տարեկան սայլի փայտը մինչ օրս պահպանվում է։ Այցելուների թիվը, Էքսկուրսիոն բաժնի վարիչի խոսքերով, տարեցտարի աճում է։ Հիմնականում թանգարան այցելում են  զբոսաշրջիկները, հատկապես  եվրոպական երկրներից։ «Չէին գիտակցում, որ գալով Հայաստան, կարող էին բախվել նման քաղաքակրթության։ Իրենք նորովի են իրենց համար հայտնագործում Հայաստանը։  Մենք անընդհատ շեշտը դնում ենք երկու իրադարձության վրա՝  քրիստոնեության ընդունումն է եւ ցեղասպանություն, բայց որ Հայկական լեռնաշխարհը ամենավաղ քաղաքակրթության կարեւորագույն կենտրոններից մեկն է, ցավոք սրտի քիչ ենք դրան անդրադառնում»,- նշում է թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչը։ Թանգարանի հնագիտական ֆոնդը ներառում է յոթ հավաքածու, որոնք ներկայացնում են Հայկական Լեռնաշխարհի պատմա-մշակութային զարգացման ամբողջական ընթացքը՝ հին քարի դարից մինչեւ  ուշ միջնադար ընկած ժամանակաշրջան: