Անակնկալներ՝ կրկեսի սիրահարների համար (տեսանյութ)
2015-ին լրանում է Հայաստանի ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը։ Այս առթիվ Երևանի կրկեսի հրավերով օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը Երևանում կրկեսային համարներով հանդես կգա Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» կրկեսը։ «Մեր նպատակն է մեծ շուքով նշել Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը, մարդ, ով դասական է դարձել հայկական կրկեսի համար։ Ներկայացումները տեղի են ունենալու Կոմիտասի այգում՝ նախկին դելֆինարիումի տարածքում։ Առաջին օրը մուտքը լինելու է անվճար։ Սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին»,- նշում է Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը։ Ըստ նրա՝ առաջիկայում ևս անակնկալներ են սպասվում կրկեսի սիրահարների համար։ «Մյուս տարվա վերջին նաև նախատեսվում է Երևանի կրկեսի վերաբացումը։ Այս տարի արդեն մեծ տեմպերով վերսկսվել է շինարարական աշխատանքները։ Եվ լինելով նրա աշակերտը՝ ես երազում եմ, որ նոր կրկեսում կլինի Ենգիբարյանի անվան միջազգային կրկեսային փառատոն»։ Սոս Պետրոսյանը նշում է, որ իրենց համար կարևոր է կրկեսը նաև մարզեր տեղափոխել. «Այս պահին «Իմպերիալ» կրկեսը նախատեսում է ներկայացումներ անցկացնել միայն Երևանում, քանի որ նրանք ժամանակի հետ կապված խնդիրներ ունեն, սակայն մենք պատրաստվում ենք խնդրել հանդես գալ նաև մարզերում»։