Մարդիկ ի սրտե սկսեցին անմոռուկն օգտագործել, ամեն մեկը՝ ոնց հասկացավ
Հեղափոխություն բառը Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի սիրում։ Այդ իսկ պատճառով նա չի կարող ասել, որ System of a Down-ի Երեւանում Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կազմակերպված համերգը մշակութային հեղափոխություն էր։ «Բայց կարծում է, որ համահունչ էր տրամադրությանը, այդ օրվա խորհրդին, այդքանը ձեզ վստահ կարող եմ ասել։ Դրա մեջ ներգրավված էր համաշխարհային այդպիսի նշանակություն ունեցող խումբ»,- «Ա1+»-ին ասաց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներին Մշակույթի նախարարը չի ցանկանում գնահատական տալ, քանի որ այդ գործընթացի մեջ է եղել. «Թող ուրիշները տան այդ գնահատականը։ Որպես մասնիկ ժողովրդի, ոչ թե որպես մշակույթի նախարար, ես հպարտ եմ, որ միասնական մոտեցումների մեջ գտնվեցինք»։ Ի դեպ, Հասմիկ Պողոսյանը չի կիսում այն տեսակետը, որ անմոռուկի գաղափարը արժեզրկվեց։ Նրա խոսքերով՝ եթե սկզբից մտավախություն կարող էինք ունենալ, ապա հետագայում այդ ամենը վերացավ։ «Մարդիկ ի սրտե սկսեցին դա օգտագործել, ամեն մեկը ոնց ինքը հասկացավ։ Եթե մեզ անհանգստացրեց, որ անհարիր օգտագործում կա, իհարկե, դա էլ կար, բայց ընդհանուր առմամբ կար ցանկություն, ինչ- որ ձեւով կրել, ինչ- որ ձեւով հաղորդակից լինել անմոռուկին։ Իմ կարծիքով՝ ովքեր այսօր կրում են, չեն կրում, ինչ-որ ձեւով օգտագործում են, չեն օգտագործում, ինչ- որ ձեւաչափով բոլորը հաղորդակից եղան անմոռուկին»,- եզրափակեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։