Լավագույն սփյուռքահայ երգչուհու տեսահոլովակը Լիբանանի ԱԱԾ-ը թույլ չի տալիս ցուցադրել (տեսանյութ)
ԱՄՆ-ում երկրորդ անգամ անցկացվող World Armenian Entertainment Awards մրցանակաբաշխությանը այս տարի «Սփյուռքահայ լավագույն երգչուհի» է ճանաչվել ռոք երգչուհի Այլին Խաչատուրյանը (Բեյրութ)։
Այլին այն երգչուհին է, որի «Զարթիր, որդյակ» երգի տեսահոլովակը, 2010-ին լիբանանյան հեռուստալիքներով հեռարձակվելուց հետո, Լիբանանի Ազգային անվտանգության մարմինների կողմից արգելվեց հետագայում ցուցադրել, իբրև խոչընդոտ` Լիբանան-Թուրքիա հարաբերություններին:
Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Այլին Խաչատուրյանը, Պալմ Սփրինգսում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը ցույց տվեց հայկական երաժշտական ու ստեղծագործական ներուժը` աշխարհով մեկ:
«Եթե հայկական այլ երաժշտական կամ արվեստի մրցանակաբաշխություններ անցկացվում են Հայաստանում, որոնցից հիմնականում անմասն է մնում Սփյուռքը, ապա այս մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ անգամ ամբողջ աշխարհի հայ ստեղծագործողներին գնահատելու հնարավորություն է տալիս: Այն ամենամյա է եւ հույս ունեմ, որ մյուս տարիներին ևս սփյուռքահայ երգիչներ ու այլ հանրային դեմքեր կքաջալերվեն եւ կմասնակցեն»,-ասաց սփյուռքահայ ամենահայտնի ռոք երգչուհին:
Այլին Խաչատուրյանը պրոֆեսինոնալ երգչուհի է, կրթություն է ստացել Սորբոնի համալսարանում, թողարկել է երեք ալբոմ։
Երգչուհու ռոք ալբոմներից մեկը` «Իմ տունը» մեկ այլ համահայկական մրցույթում` Armenian Music Awards-ում 2009-ին ստացել է «Լավագույն ռոք ալբոմ» մրցանակը:
Այլին Խաչատուրյանն այս տարի ապրիլի 22-ին երգել է Ստամբուլում կայացած հիշատակի մեծ համերգի ընթացքում` ներկայացնելով հայկական ազգային երգեր:
Նա 2012թ համերգ է ունեցել նաև Հայաստանում, իսկ Լիբանանում System of a Down-ի համերգին երգել է խմբի հետ: Այլին ունի սեփական խումբը եւ պատրաստվում է կրկին համերգներ ունենալ Հայաստանում եւ աշխարհի հայաշատ երկրներում, չնայած ասում է, որ իր երկրպագուների մեջ կան քիչ չեն նաեւ օտարները:
Երգչուհին իր երաժշտական գործունեությունը սկսել է արաբերեն ջազ երգերով, իր առաջին ալբոմը (Lamma), որը երգչուհին ձայնագրել է 19 տարեկանում, արաբերեն երգերի կատարումներ են:
Հիշեցնենք, որ World Armenian Entertainment Awards –ի այս տարվա մրցանակաբաշխությանը տարվա «Լավագույն երգչուհի» է ճանաչվել Քրիստինե Պեպելյանը, իսկ «Լավագույն երգիչ»` Մարտին Մկրտչյանը:
Անցյալ տարի World Armenian Entertainment Awards-ի հասույթի մի մասը հատկացվել է Քեսաբի դեպքերից տուժած մեր հայրենակիցներին, իսկ այս տարվա մրցանակաբաշխության բարեգործական նպատակների մասին կազմակերպիչները դեռևս չեն հայտնել:
