Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կցուցադրվեն ճապոնական մեթոդով պատճենագրված հայկական խաչքարերը

Մշակույթ
NKAR

Մայիսի 19-24-ին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվի Հայկական մշակութային շաբաթ: Միջոցառումներին Հայաստանից արվեստագետներ չեն հրավիրվելու, բայց ճապոնացի ժամանակակից արվեստագետների աշխատանքների հետ միասին ցուցադրվելու է նաև հայ ժամանակակից արվեստ: Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Ճապոնիայում ՀՀ դեսպանատնից, մշակութային շաբաթվա հիմնական նպատակն է ներկայացնել Հայաստանով և Հայաստանի մշակույթով հետաքրքրված և մեր երկրի հետ արդենիսկ կապ ունեցող ու հայ արվեստագետների հետ համագործակցող ճապոնացի արվեստագետների աշխատանքները: Միջոցառումն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: Տարբեր սրահներում ցուցադրվելու են Հայոց ցեղասպանության տարիներին միջազգային մամուլի անդրադարձների առաջին էջերի պատկերները, ինչը ճապոնական հասարակությանը ինչ-որ տեղեկություններ կփոխանցի Հայոց Ցեղասպանության մասին։ Ճապոնացի հասարակությունը, քաղաքական և գիտական շրջանակներից բացի, հիմնականում անտեղյակ է Հայոց ցեղասպանության պատմությանը: Ցուցադրվելու են նաև ճապոնական տպագիր նյութերի սակավաթիվ անդրադարձները Հայոց ցեղասպանությանը՝ հեղինակների կենսագրությամբ: Ճապոնացի արվեստասերին է ներկայացվելու նաև հայ երեխաների` Հայաստանի ներկան և ապագան խորհրդանշող ջրաներկ աշխատանքներ: Հայկական մշակութային շաբաթվա ընթացքում կցուցադրվեն Տոկիոյի տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Սասանոյի և Վասեդա համալսարանի պրոֆեսոր Մոհրիի՝ հայկական եկեղեցիները պատկերող լուսանկարները` «Հայկական քրիստոնեական ճարտարապետությունը» և «Այցելելով աշխարհի հայկական եկեղեցիներ» խորագրերով: Կյոտոյի Սեյկա համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նագաոկան արդեն մի քանի տարի է` Հայաստանում ճապոնական Տակու-հոն մեթոդով պատճենագրում է հայկական խաչքարերը: Այդ աշխատանքները նույնպես ցուցադրվելու են մշակութային շաբաթվա օրերին: Տեղի կունենա նաև ճապոներեն լեզվով 2 գրքի շնորհանդես: Առաջին գիրքը, որը վերնագրված է «Փաստերի գիրք» (Fact Book) հեղինակել է Հայոց ցեղասպանության 100-րդ միջոցառումները համակարգող ճապոնական կոմիտեն: Գրքում ներկայացված են Հայոց ցեղասպանությունը վկայող պատմական փաստեր, միջազգային մամուլում տպագրված, նաև հայ և արտասահմանցի հեղինակների կողմից հրապարակված հողվածներից ու գրքերից հատվածներ, լուսանկարներ: Երկրորդ գիրքը վերնագրված է «Հայաստանը որպես Տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր» (Armenia as IT country)»: Գրքի հեղինակն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2013 թվականի մրցանակակիր, Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության նախագահ, «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն: Շաբաթվա ընթացքում առանձին միջոցառմամբ ներկայացվելու է Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, հայտնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանատնից: