Ինչ նկարիչ տղերք չվերադարձան. հայ վետերանների ցուցադրություն (տեսանյութ)
Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակից անցել է 70 տարի, սակայն այսօր էլ վերապրում ենք մեր ծնողներին, տատիկներին ու պապերին բաժին ընկած դաժան փորձություններն ու հաղթանակի բերկրանքը: Հիշում ու շարունակում ենք փառաբանել մեր կողքին դեռևս քայլող հերոսներին ու փոխանցել ժառանգներին մեր հիշողությունները: Հայրենական պատերազմի հաղթանակի 70-ամյա տարելիցի միջոցառումների շարքում Նկարիչների միության ցուցասրահում բացվել է հայ վետերանների նկարների ցուցադրությունը: «Տարիներ շարունակ այս տոնը նշել ենք պատերազմին մասնակից տասնյակ նկարիչներով, - ասում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:-Սակայն ժամանակը, ցավոք անողոք է»: Այս տարվա միջոցառմանը ներկա էին Արմեն Աթայանը և Հմայակ Բդեյանը: «Թերլեմեզյանի ուսումնարանն ավարտելու տարին էր, երբ սկսվեց պատերազմն ու ուսուցիչների հետ մեկնեցի ռազմաճակատ,-հիշում է 93-ամյա Արմեն Աթայանը,- ինչ նկարիչ տղերք չվերադարձան… փառք այն բոլոր նահատակներին, որոնց թափած արյան գնով ենք այսօր ապրում»: «Մուսաները լռում են, երբ կրակում են գնդացիրները». Հմայակ Բդեյանը վերհիշում է վրձինը զենքով փոխարինելու տարիները: Մայիսի 9-ը կրկնակի հաղթանակի տոն է, նաև Շուշիի ազատագրման պատմական օրը, և վետերան նկարիչների կտավների կողքին երիտասարդ ու ավագ սերնդի նկարներ են: Չկա ավելի ազնիվ նպատակ, քան իր ժողովրդի նվիրական շահերը պաշտպանելը և չի մարի Անհայտ զինվորի անմար կրակը, ու ժամանակի հետ չի մոռացվի պատերազմում հաղթածների փառքը, քանի դեռ մենք կվերապրենք ու կփոխանցենք մեր սերունդներին սպասումն ու հավատը, կորստի վիշտն ու հաղթանակի ցնծությունը: