Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դրա հետևանքով այսօր ժողովրդի ոտերն ընկած են, որ քվե հայցեն․ Ա․Ղազարյան (տեսանյութ)

«Ինչքան էլ հանրության շրջանում դժգոհություններ կուտակվեն, դա չպետք է լինի հիմքը։ Մեր իշխանությունը ժողովրդին տվել է իշխանություն, և ժողովուրդը վայելում է իր իշխանությունը, ինքն է որոշում, թե որ ուժին իրեն կառավարելու հնարավորություն տա։ Սա ամենակարևոր ձեռքբերումն է, որ ժողովուրդն ունեցել է մեր իշխանության օրոք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ անդրադառնալով առաջիկա համապետական ընտրություններին իրենց հնարավորությունների մասին հարցին։

Պատգամավորը գտնում է, որ այդ հնարավորության և իրենց իշխանության շնորհիվ է, որ ընդդիմադիր ուժերը, որոնք նախկինում իշխանություն էին կամ իշխանության մաս էին կազմում, այսօր շրջում են մարզերով և ժողովրդից քվե խնդրում։ «Եվ այսօր ժողովրդի ոտերն ընկած են, որ քվե հայցեն։ Ինչի՞ համար։ Որովհետև գիտեն, որ այսօր ժողովուրդն է իշխանության տերը, և մենք ենք այդ հնարավորությունը տվել»,- հավելում է նա։

Ալխաս Ղազարյանը թերահավատությամբ է ընդունում ընդդիմադիր ուժերի այն պնդումը, թե առաջիկա ընտրություններին երկու կամ երեք դաշինքով կամ կուսակցությունով կանցնեն խորհրդարան, հետո կմիավորվեն, կոալիցիա կկազմեն ու կդառնան իշխանություն, ինչպես անցած տարի արեցին Գյումրիում։ Հավատում է, որ այս անգամ նույնպես իրենք կհաղթեն։

Նա նաև հավատացնում է, որ իրենց իշխանությունը արդար և թափանցիկ ընտրություններ կապահովի նաև հունիսի 7-ի հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ․ «Նախորդ ընտրություններից հետո բողոքներ չեն եղել, և մեզ համար կարմիր գիծ է ազատ, արդար ընտրությունների ապահովումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։