A
A
Վազգեն Սարգսյանը 1999-ին պատրաստվում էր ամուսնանալ. Սարգսյանն ու Դեմիրճյանը` նույն դաշինքում․ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնտրական Զուգահեռներ
1999-ի Ազգային Ժողովի ընտրություններն առաջինն էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման օրոք:
Ընդդիմությունը նրանից հիասթափված է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին հեռացրեց, բայց իրենց կյանքը չլավացավ․
-Շավարշ Քոչարյան․ Տեղի ունեցավ ոչ թե իշխանության փոփոխություն, այլ միայն անձերի:
Հայաստանն Ազգային Ժողովի երկրորդ ընտրությունների է գնում հենց քարոզարշավի ընթացքում ընդունված ընտրական նոր
օրենսգրքով: Ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն ու դաշինք։
-Վազգեն Մանուկյան․ 21 կուսակցություն ամեն մի գայլ գառի մորթին հագել է մտել է գառների հետ զբոսնում է:
Նոր խորհրդարանում նախորդի 190-ի փոխարեն կլինի 131 պատգամավոր՝ 75-ը ընտրված մեծամասնական, 56-ը՝
համամասնական ընտրակարգով:
Արտաշես Գեղամյանը գերազանց գիտի, թե ինչ կռվի է ինքը մասնակցում
-Արտաշես Գեղամյան․ «Կռիվը գնալու է խոշտանգվածների ու խոշտանգողների միջև»
Արդեն պարզ էր, որ նախորդ տարվա նախագահի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակից Կարեն
Դեմիրճյանն ու այդ ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակի ճարտարապետ Վազգեն Սարգսյանն հանդես կգան
մեկ թիմով, որը կոչվում է «Միասնություն» դաշինք:
Որևէ մեկի հանդեպ քնքշանքով աչքի չընկած պաշտպանության նախարարն ընտրարշավի է դուրս գալիս մարդու դեմքով
-Վազգեն Սարգսյան․ Ես էս տարի որոշել եմ՝ ամուսնանալու եմ, էնպես որ ուշադիր եղեք:
Ժողովուրդն առանձնապես տրամադրված չէ ընտրությունների, քարոզարշավն սկսվել է, իսկ իրենց դեռ ոչինչ չեն
խոստանում, անշարժ գույքի բացօթյա շուկան լցված է իրենց տները վաճառողներով
-Ես մնացել եմ սոված, տունս վաճառում եմ, որ ապրեմ:
Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերը հայտարարում են ընտրությունները բոյկոտելու մասին, բայց Վազգեն-
Դեմիրճյան դաշինքից հեղաշրջման հոտ են առնում։
-Դավիթ Շահնազարյան․ Մենք դեմ ենք եղել բոլոր հեղաշրջումներին և դեմ ենք
լինելու նաև առաջիկա հեղաշրջումներին: Եթե նույնիսկ այդ հեղաշրջումն ուղղված է լինելու Հայաստանում
ընտրակեղծիքների հիմնադիր Ռոբերտ Քոչարյանի դեմ:
Ապագա հաղթողը՝ Կարեն Դեմիրճյանը քաղաք առ քաղաք հավաքում է ժողովրդի խնդիրներն ու Երևանում ուսանողության
հետ հանդիպմանը զարմանում՝ Հայաստանում 80 համալսարան կա, սա ի՞նչ վիճակ է
-Կարեն Դեմիրճյան․ 80 համալսարան ունեցող երկիրը հիմա պետք է լուսնի վրա լիներ:
Ընտրարշավի հենց սկզբից էլ պարզ զգացվում է՝ Դաշնակցության ու «Միասնություն» դաշինքի ջրերը մի առվով չեն
հոսում: Ռոբերտ Քոչարյանը ստիպված է խառնվել
-Ռոբերտ Քոչարյան․ Ես չէի միջամտում, բայց կարծում եմ, որ այդ միջամտության
կարիքը երևի կա:
Միջամտությունը հրապարակային չէ, բայց Դաշնակցությունը չի նահանջում, նա Աղվան Վարդանյանի բերանով
անկեղծորեն ասում է, որ եթե Վազգենն ու Դեմիրճյանը հաղթեն, խորհրդարանում իշխանություն չի փոխվի:
Ռոբերտ Քոչարյանն ուզում է, որ երկու ուժերն էլ մտնեն խորհրդարան: Կարեն Դեմիրճյանն ակնարկում է՝ եթե եկավ իշխանության,
որոշների համար լավ չի լինի
-Կարեն Դեմիրճյան․ Պիտի դրանք պատժվեն, որպեսզի ամեն մարդու խելքից ինչ-որ
անում ա, չփաթաթի ժողովրդի վզին:
Ընտրություններից 3 օր առաջ ուրվագծվում է հիմնական խախտումների փիլիսոփայությունը՝ ցուցակներում ավելացվել են
մարդիկ, որոնք կամ մահացել են կամ էլ երբևէ գոյություն չեն ունեցել: Գոյություն ունեցող մարդկանց մի խումբ ԿԸՀ-ից
պատասխան է պահանջում
-Ասացին որ ցուցակները ճշտվում են, ճշտվելու ընթացքի մեջ են․․․
Ընտրություններից երկու օր առաջ ԿԸՀ-ն հստակեցնում է՝ անկողնային հիվանդներն ընտրելու իրավունք չունեն, փոխարենը
ընտրել կարող են բանտերում գտնվող մարդասպաններն ու այլ հանցագործները:
Մայիսի 30-ին Հայաստանում տեղի են ունենում խորհրդարանական ընտրություններ: