Երեխաների կյանքում հեքիաթի առկայության անհրաժեշտությունը մեծ է
«Բյուրոկրատ» գրախանութում ՀՀ-ում Դանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսի գրասենյակը «Անդերսենի հեքիաթի օրեր» ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպեց միջոցառում՝ նվիրված դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենի 210 ամյակին և «Մանկական գրքի միջազգային օրվան»:
Միջոցառման շրջանակներում երեխաները ծանոթացան Անդերսենի կյանքին և գործունեությանը, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ունկնդրեցին «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը, մասնակցեցին խաղ-վիկտորինային, դիտեցին Անդերսենի «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմը և ստացան նվերներ ՀՀ-ում Դանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոսի կողմից:
Միջոցառմանը մասնակցում էր ՀՀ-ում Դանիայի Թագավորության Պատվավոր հյուպատոս պրն. Գագիկ Գյուլբուդաղյանը: Վերջինս շեշտեց երեխաների՝ գրականության և մշակույթի վերաբերյալ գիտելիքների ձեռքբերման կարևորությունը, երեխաների կյանքում հեքիաթի առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև մանկական գրականության կարևորագույն դերը երեխայի հոգևոր ու մտավոր զարգացման գործում:
«Անդերսենի հեքիաթի օրեր» ծրագրի շրջանակներում ապրիլի 4-ին, ժամը 14:00-ին Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում երեխաները կկարողանան ներկա գտնվել Անդերսենի՝ «Փոքրիկ Իդայի ծաղիկները» համանուն հեքիաթի տիկնիկային ներկայացմանը: