Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի տարածքում ամենավտանգվածը Մրենի հուշարձանախումբն է (տեսանյութ)

Հասարակություն
nkar2015-03-20-12h28m32s390

Եղեռնի 100-ամյակին ընդառաջ «Էրեբունի» արգելոց-թանգարանում նույնպես միջոցառումներ են նախատեսվում։ «Ապրիլի 18-ին լինելու է ֆոտոցուցահանդես, որին ներկայացվելու է ուրարտական ժառանգությունը»,-հայտնել է արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը։ Ինչպես հայտնի է, պատմահնագիտական թանգարանն ընդգրկում է Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը։ Տնօրենի տեղեկացմամբ՝ Կարմիր բլուրում իրականացվող պեղումներն այս տարի կավարտվեն: Շենգավիթում էլ ցանկապատի կառուցման խնդիրը պետք է լուծվի: Այդ հարցում քաղաքապետարանը խոստացել է աջակցել։ Պարոն Գյուրջյանի խոսքով՝ ցեղասպանության տարելիցին ընդառաջ հայությանը հուզող խնդիրներից է Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշարձանների անմխիթար վիճակը։ «Ասեմ, որ ժամանակակից Թուրքիայի տարածքում հարուստ ժառանգություն կա տարբեր ժողովուրդների, այդ թվում, իհարկե, մեր՝ հայերիս: Հայկական եկեղեցիներն ավելի ավերակ վիճակում են, քան ասենք հունականը,-շեշտել է նա: 2014 թվականին Թուրքիան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում 52 հուշարձան է ներառել, որոնցից 4-5-ն ուրարտական են: «Անիի եկեղեցու պահպանման խնդրին արդեն Թուրքիայում ավելի պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում, քանի որ միջազգային կառույցների կողմից հսկողություն կա»,-նշել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենը: Հարցին, թե ներկայում Թուրքիայի տարածքում ո՞ր հայկական հուշարձանն է առավել վտանգված, պարոն Գյուրջյանն ասել է. «Մրենի հուշարձանախումբն է՝ 7-րդ դարի՝ Անիից դեպի Կարս հատվածում: Միջազգային փորձագետների խումբը հենց այդ հուշարձանախումբն է առավել վտանգված գնահատել և նույնիսկ խնդրել հայ մասնագետների աջակցությունը, որ այն վերականգնվի։ Կարող եմ նշել նաև Նեմրութի լանջին գտնվող հուշարձանախումբը։ Թուրքական կողմի բացասական վերաբերմունքը հուշարձանների նկատմամբ մասնագետը բացատրում է քաղաքական դրդապատճառներով։ «Բայց վերջին շրջանում կա միջազգային մասնագետների հսկողությունը և դա հնարավորություն չի տալիս իրենց կամայականորեն հուշարձաններին վերաբերվել»,-եզրափակել է պարոն Գյուրջյանը։