Երիտասարդական նվագախումբը Բեյրութում հանդես է եկել անմոռուկով (տեսանյութ)
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երկրորդ տարին անընդմեջ, պաշտոնական նվագախմբի կարգավիճակով մասնակցել է «Ալ Բուստան» միջազգային փառատոնին։ Բեյրութում անցկացվող փառատոնը այս տարի երիտասարդական նվագախմբի համար խորհրդանշական էր՝ այն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում էր. «Փառատոնի կազմակերպիչները պաշտոնապես թույլատրել էին սա համարել Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառում, մասնավորապես՝ հենց մեր նվագախմբի ելույթը։ Մեր նվագախումբը ինչպես միշտ այնտեղ բարձր կատարողական վարպետությամբ է հանդես եկել»,- նշեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը։ Ի դեպ, փառատոնի ժամանակ մեր նվագախումբը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ՝ անմոռուկի կրծքանշանով։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ փառատոնում այս շեշտը ոչ մի խնդիր չի առաջացրել. «Այս տարի մեր ասելիքը պարզ է, ու մարդիկ դա լավ հասկանում են։ Ես շատ հպարտ եմ, որ բացի մեզնից, անմոռուկ էին կրում նաեւ մենակատարները եւ փառատոնի գեղարվեստական ղեկավարը»։ Փառատոնը անցկացվել է փետրվարի 26-ից մարտի 10-ը, որի ժամանակ մեր երիտասարդական նվագախումբը հանդես է եկել հինգ համերգով՝ ելույթ ունենալով անվանի մենակատարների եւ դիրիժորների հետ. «Շատ են այսօր արտիստներ, երաժիշտներ, որ ասում են, թե իրենք աշխարհահռչակ են, հայտնի են, լավն են, բայց այն արտիստները, որոնք փառատոնի ժամանակ աշխատեցին մեզ հետ, իսկապես այսօր ամենահայտնին են, ամենահաջողակն են ու ամենապահանջվածը ամբողջ աշխարհում»,- ասում է Սերգեյ Սմբատյանը։ Այս տարի երիտասարդական նվագախումբը կունենա եւս երեք համերգ՝ կրկին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում։ Դրանք կանցկացվեն Լեհաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում։