Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենդանասերները բողոքում են կենդանիների հարկից

Հասարակություն
kend

Կենդանասերները բողոքում են Քաղաքապետարանի կողմից սահմանված ընտանի կենդանիների՝ շների, կատուների և թութակների համար 5000 դրամ վճարից։ «Գլխաքանակի համար 5000, իրենք էլ չգիտեն՝ ինչի համար է։ Ինչպես կարելի է հարկ սահմանել կենդանու համար, ուղղակի աբսուրդ է»,-նշել է կենդանասեր Վերա Կարապետյանը։ Նրա խոսքով՝ այլ երկրներում եթե կենդանի խնամողից գումար են վերցնում, ապա դա ուղղվում է անասնաբուժական և այլ ծառայությունների, իսկ մեզ մոտ նման բան չկա, պարզապես ուզում են մարդկանցից գումար կորզել։ «Ծանուցում է եկել բոլորին, որ տանեն, վճարեն այդ գումարը, եթե ոչ՝ սպառնացել են գանձել տվյալ անձի գույքից»,-պատմել է կենդանասերը։ Քաղաքապետարանի կողմից ծանուցում է ուղարկվել անգամ այն մարդկանց, ովքեր վաղուց այլևս կենդանի չունեն, սատկել է կամ ուրիշին են տվել։ «Հաճախ մենք մեր միջոցներով ենք ստերջացնում կենդանիներին, հոգում բժշկական խնդիրները։ Ծախսերը շատ են»,-շեշտել է մեկ այլ կենդանասեր՝ Քրիստինե Ղևոնդյանը։ Իրենք՝ կենդանասերները, չեն մասնակցում Քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրին, երբ կատարվում է կենդանիների ստերիլիզացում։ «Չենք կարող մասնակցել, քանի որ կենդանիների 95 տոկոսը ոչնչացվում են, և միայն 5 տոկոսն է ենթարկվում ստերիլիզացման»,-շեշտել է Վերա Կարապետյանը։ Իսկ Քրիստինե Ղևոնդյանի խոսքով՝ քաղաքային իշխանության կողմից հայտարարվող տենդերներին մշտապես նույն կազմակերպությունն է շահում՝ «Յունիգրաֆ իքս»-ը։ Իրենք բողոքել են այս հարցով, և վերոնշյալ կազմակերպությունը հայտարարել է, թե այս տարվա տենդերին չի մասնակցի։ Ավելի ուշ կենդանասերներին հայտնի է դարձել, որ այս տենդերին դարձյալ «Յունիգրաֆ իքս»-ն է շահել։ Ի դեպ, ըստ այդ կազմակերպության տվյալի՝ մեր երկրում 46.000 թափառող շուն կա, մինչդեռ հսկայական Մոսկվա քաղաքում դրանց քանակը 20-25.000 է։ Կենդանասերները զարմանում են. ամեն տարի մի քանի հարյուր շուն է ոչնչացվում, այդ ինչպե՞ս է ստացվում, որ վերջին մի քանի տարին թիվը չի փոխվում։