Արսեն Խոջոյանի վիճակը համեմատաբար լավ է
Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է։ Նա դուրս է գրվել Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնից, որտեղ 15 օրից ավելի բուժում էր ստանում։ Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Արսենի մայրը՝ Սվետա Խոջոյանը, որդին բուժումը շարունակում է տանը։ Նրանց փոխանցմամբ՝ Արսենը տառապում էր «փսորիազ» հիվանդությամբ եւ նյարդային համակարգի հետ խնդիրներ ուներ։ Մոր խոսքերով՝ դա առաջացել է գերության մեջ գտնվելու ընթացքում։ «Արսենը զինվորական ծառայող է եղել, եթե նման խնդիր ունենար, կընդունեի՞ն նրան աշխատանքի»,- ասում է նա։ Ի դեպ, տիկին Սվետան հատուկ շնորհակալություն հայտնեց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին՝ բուժման ծախսերը հոգալու համար, ինչպես նաեւ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ին՝ ընտանիքին իրավաբանական օգնություն է ցուցաբերելու համար։ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը նախորդ տարվա մարտի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ գերի ընկել, իսկ ապրիլի 10-ին հայրենադարձվել էր։