Անակնկալի մեջ կա նաեւ Կոմիտաս (տեսանյութ)
«Հովեր» պետական կամերային երգչախմբի կազմում ստեղծված արական անսամբլի ելույթով Կամերային երաժշտության տանը բացվեց երգչախմբի նոր`թվով 7-րդ «23 խմբերգ» ձայնասկավառակի շնորհանդես-համերգը: Մինչ համերգի սկսվելը, երգչախմբի հիմնադիր-ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը պատմեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ Ֆրանսիա, Էստոնիա և Ռուսաստան համերգային շրջագայության հաջողությունների մասին, խոսեց հետագա ծրագրերից, մասնավորապես «Կարնեգի հոլում» և «Արենա դի Վերոնայում» սպասվող ելույթներից, ու նաև խոստացավ այս համերգի ընթացքում անակնկալ մատուցել: Անակնկալը` սկավառակում տեղ գտած Կոմիտասից ու Սայաթ-Նովայից մինչ Էդգար Հովհաննիսյան, Տիգրան Մանսուրյան, Արզաս Ոսկանյան, Վարդան Աճեմյան ու էլի շատ ու շատ ժամանակակից հայ հեղինակների խմբերգերի կենդանի կատարումից ձայնագրության և ձայնագրությունից` կատարմանը աննկատ, սահուն անցումն էր: Սա, ինչ-խոսք, նորույթ էր հանդիսատեսի համար, որն էլ իր բարձր գնահատանքին արժանացրեց թե հիասքանչ կենդանի կատարումը և թե անթերի ձայնագրությունը: «Կոմիտասի ձևակերպումը, թե հայ երաժշտությունը ո՛չ արևելյան է և ո՛չ էլ արևմտյան, այլ ինքնուրույն է, մեզ բերում է կեցության ամենադժվարին ձևին, որովհետև ինքնուրույն համակարգում ապրելով հեշտությամբ կարելի է կորցնել ամեն ինչ, կամ էլ կոնսերվացվել, -համոզված է երգչախմբի գեղարվեստական ղեկավարը,- սակայն փառք Աստծո, մեր ժամանակակից հեղինակների խմբերգային երաժշտությունն այսօր կենսունակ է»: