Պոլիմերային տոպրակները՝ քաղցկեղի առաջացման պատճառ (տեսանյութ)
Խոսելով Հայաստանում սննդի փաթեթավորման որակի մասին՝ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը շեշտում է, որ պոլիմերները մեր առօրյայի բաղկացուցիչ մասն են կազմում, սակայն դա դեռ չի նշանակում, որ նրանք վտանգավոր չեն։ Նրա խոսքերով ՝ դրա ազդեցությունը ունենում է բազմաթիվ վտանգավոր հետևանքներ, ընդհուպ մինչև քաղցկեղ է առաջացնում, և պատահական չէ, որ այդ հիվանդությունը ամբողջ աշխարհում այդչափ տարածված է։ Բանախոսը հարկ համարեց շեշտել, որ պոլիմերային տոպրակներ օգտագործելու համար նախևառաջ անհրաժեշտ է ունենալ հատուկ սանիտարական սերտիֆիկատներ, որը սակայն այսօր մեզանում ոչ հաճախ է հանդիպում։ «Կան մի քանի գույնի պոլիմերային տոպրակներ, սակայն սննդամթերքի յուրաքանչյուր տեսակի համար կա նախատեսված իրենը, մասնավորապես հացինը պետք է լինի պարտադիր սպիտակ, բայցևայնպես, տաք հացը չի կարելի դնել տոպրակի մեջ, քանի որ նրա գոլորշին խառնվելով պոլիմերի արտադրական փոշու հետ նստում է հացի վրա, որն էլ հետագայում մենք ստիպված ուտում ենք»,-ասում է նա։ Տիկին Հակոբյանը նաև նշեց, որ մանր ու մեծածախ խանութներում մոնիթորինգներ իրականացնելիս աշխատակիցներից պահանջել են այդ համապատասխան սերտիֆիկատը ՝ որոշների մոտ եղել է, իսկ որոշների մոտ՝ ոչ։ Մելիտա Հակոբյանի հավաստմամբ՝ այսօր եվրոպական բազմաթիվ երկրներում ընդունված է թղթե կամ որոշ ապրանքատեսակներ նույնիսկ ապակե տարաներով փաթեթավորելու սովորույթը, ինչը սակայն մեզ մոտ ընդունված պրակտիկա չէ։ Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն էլ իր հերթին նկատեց, որ այսօր սպառողների մոտ բավականին բարձրացել է առևտուր անելու մակարդակը։ Նրա կարծիքով կան սպառողներ, ովքեր իրենք են այսօր պահանջում այդ սերտիֆիկատը կամ սննդի ժամկետների մասին հստակ տեղեկատվություն։