Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հյուսիս-հարավ»-ի առաջին հատվածը պատրաստ է (տեսանյութ)

Հասարակություն
hyusisharav

Հայաստանի հյուսիսային դարպասը հարավայինին կապող ռազմավարական մեծ նշանակությամբ ավտոճանապարհի Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ հատվածի 31 կմ երկարությամբ բետոնե ծածկն արդեն ամբողջությամբ պատրաստ է: Սա «Հյուսիս-հարավ» հսկայի 4 մասերից՝ տրանշներից առաջինն է: Այստեղ, իհարկե, դեռ կիսատ մնացած աշխատանքներ կան՝ մասնավորապես Մարմարաշեն և Բուրաստան համայնքների համար կկառուցվեն վերգետնյա անցումներ. նախագծերն արդեն պատրաստ են, առաջիկայում կմեկնարկեն համապատասխան մրցույթները: Արդիականացվելու են նաև առկա անցումները՝ համապատասխանեցնելով առաջին դասի ճանապարհի պահանջներին: Այս տարվա ավարտին տրանշ մեկը լիարժեք շահագործման կհանձնվի երթևեկության համար՝ ներառյալ արհեստական կառույցները: Տրանշ 1-ի աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու համար «Կորսան Կորվիամ» իսպանական շինարարական ընկերության հետ կնքվել է 70.4 մլն. դոլարի պայմանագիր. այս պահին իրականացվել է 47 մլն դոլարի աշխատանք: Առաջիկայում երթևեկությունը կտեղափոխվի աջակողմյան հատված՝ ճանապարհի ձախ մասում կահավորման, ինչպես նաև նկատված թերությունների վերացման և որոշ աշխատանքների վերակատարումն իրականացնելու նպատակով: Աշտարակ-Թալին: Սա ճանապարհային միջանցքի  2-րդ տրանշն է: Երկարությունը 42 կմ: Հայտնի է, որ այս հատվածով է անցել ավելի քան 7 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող Մետաքսի ճանապարհը։ Այս տարածքում հայկական հնագույն քաղաքներ են եղել. փաստում են հայ հնագետները, ովքեր 2013-ից այստեղ պեղումներ են իրականացնում։ Աշխատանքները կատարվում են «Հյուսիս-հարավ» ծրագրի ֆինանսավորմամբ. նոր ճանապարհը չպետք է հաստ բետոնե շերտի տակ թողնի պատմական փաստացի ապացույցները. սա ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունն է. Վերադառնալով տրանշ 2-ին նշենք, որ բետոնե ծածկի փռման աշխատանքները կմեկնարկեն եղանակների տաքանալուն պես. ճանապարհը պատրաստ կլինի 2017-ի սկզբում: Այս հատվածի շինարարական աշխատանքների պայմանագրային գինը կազմել է 179.6 մլն ԱՄՆ դոլար, որից այս պահին տրամադրվել է 18 մլն-ը: Տրանշ 1-ի և 2-ի համար, «Հյուսիս-հարավի» մեկնարկի սկզբից, գումարային տեսքով իրականացվել է 65 մլն ԱՄՆ դոլարի աշխատանք: Շուտով կհայտարարվեն մրցույթներ տրանշ 3-ի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքներն իրականացնելու համար: Համապատասխանաբար շուրջ 18.7 և 27.5 կմ երկարությամբ ճանապարհների նախագծերն արդեն կան, տրվել է նաև համալիր փորձաքննության եզրակացությունը: Կառավարությունը ևս արել է իր առաջարկությունները: Այս պահին վերջնականացման փուլում են մրցութային փաստաթղթերը, որ ներկայացվելու են ծրագրի համաֆինանսավորողներ Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի հաստատմանը, ինչպես նաև հրապարակվելու են համապատասխան կայքերում և միջազգային բիզնես ամսագրերում. «Ակնկալում ենք տեղական, միջազգային ընկերությունների արձագանքը, որոնք կունենան համապատասխան տեխնիկական հզորություններ համապատասխան մրցութային փաստաթղթերի: Եվ ունենալով արդեն հաղթող կազմակերպություն, կմեկնարկեն նաև այդ տրանշի շինաշխատանքները»,- տեղեկացրեց «Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը: Տրանշ 4-ի՝ Արտաշատ-Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ուղղությամբ ևս ակտիվ աշխատանքներ են ընթանում: Վերջնական տեսքի է բերվում նախագիծը, կատարվում են ուսումնասիրություններ: Այս հատվածում առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության ընթացքում նախատեսվում է կառուցել ճանապարհային թունել: Երկարությունը՝ 4.7 կմ, կառուցման վայրը՝ Քաջարանից Մեղրի տանող հատվածում՝ 2400 մ բարձրությամբ լեռան ստորոտում: Ի դեպ, հենց այդ լեռան վրայով է անցնում ներկայիս ճանապարհը: «Հյուսիս-հարավ» ծրագրի ավարտը նախանշված է 2019-ին, սակայն ծրագիրն արդեն լայնացնում է իր աշխարհագրությունը՝ դուրս գալով Հայաստանի Հանրապետության սահմաններից և ծրագրի հիմնական նպատակը՝ դառնալ տարածաշրջանային ռազմավարական և տնտեսական շահավետ տարանցիկ գոտի՝ արդեն իսկ ուրվագծվում է. հարավից իրանական կողմն է պատրաստ ներդրումներ անել, հյուսիսից՝ վրացական կառավարությունն է արդեն իսկ գործնական քայլեր կատարել: Հյուսիսից հարավ գնացող առաջին կարգի բետոնապատ մայրուղին մի մասն է այն հեռանկարի, որտեղ ավտոմոբիլային ճանապարհով իրար են կապվում արևմուտքն ու արևելքը` Հայաստանը հյուսիսից միացնելով դեպի Սև ծով տանող միջպետական ճանապարհներին, հարավից՝ դեպի Ասիական տնտեսական և առևտրային կենտրոններ ձգվող մայրուղիներին: Հայաստանը հանդես կգա նաև որպես տրանզիտ երկիր՝ նոր հնարավորություններ բացելով բեռնափոխադրողների և բիզնես ծրագրերով հետաքրքրվողների համար, իսկ զբոսաշրջիկների անվտանգ ու բացահայտումներով լի ճանապարհորդության երբեմնի երազանքն արդեն թանձրանում է իրականության պատկերներով: