Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համացանցի հայտնվելուց հետո մտավորականների մեջ տագնապ կա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
meruzhan

Մտավորականը, որը դժվարին պահերին իր ազգի կողքին չէ, իրավունք չունի այդ կոչումին հավակնելու։ Այս համոզմանն է գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը։ Նա իրեն անտարբեր քաղաքացի չի համարում. «Ես վերաբերմունք եմ ունենում ցանկացած կարեւոր խնդրի, ինչը վերաբերում է մեր ժողովրդին, անկախ նրանից` հետո քննադատվում եմ, թե ոչ, դա հարցի մյուս կողմն է, դա առանձնապես ինձ չի հետաքրքրում, եթե ճիշտն ասեմ»: Մտավորականի դերը կարեւորվում է մշտապես, բայց նրա ազդեցությունը կարող է մղվել երկրորդ պլան. «Երբ որ գալիս է պետությունը, մտավորականի խնդիրը դառնում է 2-րդ պլան ակամա: Պետությունը մտավորականին 2-րդ պլան բոլորովին էլ չի մղում, մտավորականն ինքն է իրեն 2-րդ պլան մղում` մտածելով, որ իր խոսքը այս խորհրդարանական ամենօրյա աղմուկի մեջ իր խոսքը տեղ չի հասնում հասարակությանը»: Մտավորականության դիրքորոշման հարցը հասարակության մեջ առավել կարեւորվեց վերջին շրջանում պարբերական բնույթ ստացած բռնությունների,ծեծի, ընդվզումների ֆոնին: Այս ընթացքում մտավորականության ձայնն այնքան էլ լսելի չէր: Պարոն Տեր-Գուլանյանի կարծիքով` մտավորականությունն այսօր կոնկրետ խնդիր ունի, որը պետք է հաղթահարի. «Համացանցի հայտնվելուց հետո մտավորականների մեջ տագնապ կա, որ ահա եթե իրենք ակտիվ դիրքորոշում ունենան, համացանցում ինչ ասես իրենց մասին կգրեն: Իսկ մտավորականները փխրուն տեսակ են մարդու` շուտ վիրավորվող մարդիկ են»: Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն իրավիճակի պատճառները գիտի։ Անկախության տարիներին մտավորականությունը կարծես թե անտարբերության էր մատնվել, որից էլ թեւաթափ էր եղել. «Վերջին տասնամյակում բավականին աշխուժացել է մտավորականության դերը, տեղ են տալիս, մրցանակներ են հանձնում, հրավիրում են զանազան կարեւոր միջոցառումների: Դա նշանակում է, որ վերջապես հասկացան, որ առանց մտավորականության չկա Հայաստան երկիր»: Տիկին Գեւորգյանի կարծիքով` պետությունը պետք է ուղղորդի մտավորականությանը. «Ամենավտանգավոր բանն է, երբ որ մենք չենք տեսնում, թե ով է այն մարդը, մտավորականը, որի խոսքը եթերից կհնչի, եւ մարդիկ կսկսեն մտորել, որ այս մարդն այսպիսի մտահոգություն ունեցավ, հայտնեց եւ լավ կլինի, եթե մենք ունկնդիր լինենք»: Ժուռնալիստների միության նախագահն իրեն համարում է ակտիվ մտավորական. «Ես, օրինակ, փորձում եմ քաղաքապետարանում` որպես ավագանու անդամ, ռեպլիկներով, ելույթով ասել իմ խոսքը, եթե պետք է: Հենց այնպես խոսելը եւ դեմ խոսելը վնասում է մեր ժողովրդին»: