Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես էր քաղաքացին հայթայթում հերոին (տեսանյութ)

Հասարակություն
10ccaa5f287c32a99bf32f706edb68e7

Նարկոլոգիական կլինիկայում բուժվող քաղաքացին, ով տեսախցիկի առջև չի ցանկանում ներկայանալ, 10-12 տարի տառապել է հերոին տեսակի թմրանյութի նկատմամբ կախվածությունից։ «Գումարը սկզբում ունեի, հետո արդեն սկսեցի հայթայթել՝ ոնց կարողանում էի, անգամ քույրիկներիս պայուսակներից էի տանում, հետո տան ապրանքներն էի վաճառում, մի խոսքով՝ բոլոր նարկոմանների նման»,-ասում է նա։ Արդեն 2 տարի է, ինչ նա բուժվում է մեթադոնային փոխարինող բուժման եղանակով։ Մասնագետների բնորոշմամբ՝ բուժման ավարտից հետո որևէ տեսակի թմրամիջոց թեկուզ մեկ օր չգործածելը համարվում է դրական ցուցանիշ։ «Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը 5 տարի թմրամիջոցների բացարձակ չօգտագործելը գնահատում է որպես լավացում, այսինքն՝ եթե 5 տարի հետո մարդը նորից դա կիրառի, ապա դիտարկվում է՝ ոնց որ առաջին անգամ նա կյանքում դա օգտագործեց»,- մեզ հետ զրույցում շեշտում է Նարկոլոգիական կլինիկայի տնօրեն Պետրոս Սեմերջյանը։ Նախորդ տարվա վիճակագրական տվյալները կհրապարակվեն մի քանի օրից։ Իսկ 2014թ-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 4922 թմրամոլ։ Նրանց զգալի մեծամասնությունը երևանաբնակ է, երկրորդ տեղը զբաղեցնում է Արմավիրի մարզը։ Կլինիկայի բժիշկ-նարկոլոգ Արմինե Ղազանչյանի խոսքերով՝ մինչ բուժման ներկայանալը, թմրամոլները բավականին վտանգավոր են հասարակության համար, որովհետև և սոցիալական առումով կարող են մեծ խնդիրներ առաջացնել, և իրենց ընտանիքներում, և հասարակության համար, քանի որ թմրամոլը թմրամիջոցի հերթական չափաբաժինը գտնելու համար հանցանքների է ընդունակ։ Այսօրվա դրությամբ Նարկոլոգիական կլինիկայում ստացիոնար բուժում է ստանում 4, իսկ ամբուլատոր՝ 256 թմրամոլ։ Նրանք բուժվում են երկու տարբերակով՝ առաջինը ապաթունավորման մեթոդն է, երկրորդը՝ մեթադոնայինը, երբ մի տեսակի թմրամիջոցը փոխարինվում է այլ տեսակով։ Մանրամասները դիտեք տեսանյութում։