Մայրը երեխային ծեծել է, բենզինը լցրել վրան ու այրել. արտակարգ դեպք
Փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյուլիքևխյան փողոցի թիվ 23/1 շենքի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.27-ին: Ամբողջությամբ այրվել է բնակարանը՝ գույքով (28 ք.մ): Հրշեջ-փրկարարները բնակարանից ծխահարված, այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 1968 թ. ծնված Ա և 2006 թ. ծնված Ֆ. Ն.-ներին, ովքեր հոսպիտալացվել են «Սուրբ Գրրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Այս մասին հայտնում է ՏԿԱԻ նախարարությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը նշել է, որ նյարդավիրաբույժը վիրահատել է վերոնշյալ տանն այրված երեխայի գանգաթաղը, այժմ երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, վիճակը կայուն ծանր է, գիտակցական էլեմենտներ կան: Դրանից բացի՝ երեխայի աջ ոտքն է այրված: Հիվանդանոց տեղափոխված երեխայի մոր մոտ էլ առկա են այրվածքներ. նրան ուղարկել են Այրվածքաբանության կենտրոն: Գագիկ Մանուկյանն ասել է, որ մայրը երեխային ծեծել է, այնուհետեւ բենզինը լցրել վրան ու այրել: