Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկել են ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտներն ու վնասները

Հասարակություն
շիրակ

Հանրային խորհրդում տեղի է ունեցել քննարկում «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կողմից ՝ մի խումբ հասարակական կազմակերպությունների դիմումի հիման վրա: Քննարկմանը մասնակցել են ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներ, Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ, մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ Հայրապետ Գալստյանը քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկել է իրենց մտահոգությունները ներկայացնել առողջապահության փոխնախարարին: ՀԿ-ների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր՝ ներկայացնելով հիմնավորումներ հանրային առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ: Փոխնախարարը պարզաբանումներ է տվել, իր հերթին ներկայացրել ծրագրի իրականացման անհրաժեշտությունն ու սպասվելիք արդյունքները: Միաժամանակ նա ընդունել է քննարկման ընթացքում հնչած որոշ տեսակետներ ու առաջարկներ՝ խոստանալով դրանք ևս հաշվի առնել: Քննարկելով ցորենի ալյուրը երկաթով հարստացնելու օգուտներն ու վնասները, համաշխարհային փորձն ու ներկա միտումները, կողմ ու դեմ տեսակետները՝ ներկաներն ընդգծել են հարցն առավել համակողմանիորեն և խորությամբ քննարկելու անհրաժեշտությունը: Քանի որ նախագիծը խիստ կարևոր է և պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր, որոշվել է Հանրային խորհրդում կազմակերպել ևս մեկ քննարկում, որին կներգրավվեն առավել մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու շահագրգիռ կողմեր: Հանրային խորհուրդ