Արեւմտյան մամուլը վիճում է՝ ինչու՞ մենք Շառլի չենք. media.am (տեսանյութ)
«Շառլի Էբդոյի» վրա տեղի ունեցած հարձակումից հետո ամերիկյան մեդիան կանգնել է ընտրության առաջ․ հրապարակե՞լ արդյոք այն ծաղրանկարները, որոնք իրենց եվրոպացի գործընկերների սպանության պատճառ դարձան։ Որոշ հայտնի լրատվամիջոցներ՝ «Հաֆինգթոն Փոսթ», «Բազ Ֆիդ», «Վոքս», «Բլումբերգ», «CBS», «Ֆոքս Նյուզ», հրապարակեցին նկարները՝ ի նշան համերաշխության։ «Վաշինգթոն Փոսթը» եւս հրապարակեց, բայց առ այսօր էլ խմբագրությունը քննարկումների մեջ է։
Նրանց հակառակ՝ «CNN», «Նյու Յորք Թայմս», «Թայմս», «NPR» (հանրային), «ABC», «NBC» լրատվամիջոցները որոշեցին «զերծ մնալ ընթերցողների կամ լսարանի զգացմունքները ոտնահարող պատկերներից», ինչպես նշվում է նրանց հայտարարություններում։
Այդպիսի մի օրինակ է «NPR»-ի բացատրությունը․ «Եթե մենք մենք լուսաբանում ենք այդ դեպքերը, դա չի նշանակում, թե պետք է ցուցադրենք նաեւ այդ ծաղրանկարները»։ «Շառլի Էբդոյի» սպանված խմբագրի հայտնի լուսանկարը՝ Մուհամեդի ծաղրանկարով, նրանք ցուցադրեցին կամ կիսատ՝ առանց «պրովոկացիոն» պատկերի կամ անճանաչելի դարձրած։
Բանը հասավ նրան, որ «Սքայ Նյուզը» ուղիղ եթերում կտրեց ֆրանսիացի լրագրողի խոսքը, երբ նա փորձում էր ցուցադրել «Շառլի Էբդոյի» համարը։ Ընդ որում՝ ֆրանսուհին խոսում էր իրենց չպաշտպանած բրիտանական թերթերի («Թելեգրաֆ», «Դեյլի Նյուզ») մասին եւ փորձում եթերում ցուցադրել «Շառլի Էբդոյի» առաջին էջը, որը հենց հարձակման պատճառ էր դարձել։
Ստորեւ՝ տեսանյութը, որտեղ ասվում է.
- Շատ տխուր եմ, որ լրագրողները Բրիտանիայում մեզ չեն օժանդակում, դավաճանում են լրագրությանը՝ մտածելով, թե մարդիկ այնքան հասուն չեն, որ իրենք որոշեն՝ այս նկարները վիրավորական են, թե չէ։ Ինչպե՞ս որոշեն, եթե դու դա ցույց էլ չես տալիս։ Եվ սա լրիվ խելագարություն է, որ Բրիտանիայում այ սա ցույց չեն տալիս։
- Կներեք, «Սքայ նյուզը» որոշել է չհրապարակել այդ նկարները, եւ կխնդրենք քեզ Քերոլայն, դրանք ցույց չտալ հիմա։ Մենք ներողություն ենք խնդրում հիմա նրանցից ովքեր վիրավորվեցին այս նկարից։ Գիտեք, որ մենք խմբագրական որոշում ունենք՝ ցույց չտալ «Շառլի Էբդոյի» առաջին էջը։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում