Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժնեւում քննության կառնվի ՀՀ-ում մարդու իրավունքների հարցը

Հասարակություն
un

Հինգշաբթի՝ 2015 թ. հունվարի 22-ին, Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը երկրորդ անգամ քննության կառնվի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի կողմից՝ համացանցով ուղիղ հեռարձակվող նիստում: Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից կդիտարկվեն հունվարի 19-ից մինչև 30-ը տեղի ունենալիք առաջիկա նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին ՀՊԴ-ն տեղի է ունեցել 2010 թ. մայիսի 6-ին: Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա. 1) ազգային զեկույց. վերանայման շրջանակներում Պետության կողմից ներկայացված տեղեկություններ, 2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկություններ, 3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկություններ: Վերոնշյալ փաստաթղթերում բարձրացված հարցերի թվում են հետևյալները.
  • խտրականության դեմ պայքար,
  • ազգային փոքրամասնությունների իրավունքներ,
  • սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականություն և ԼԳԲՏ անձանց պաշտպանություն,
  • խոշտանգումների և վատ վերաբերմունքի արգելում,
  • կամայական ազատազրկում, իրավապահ մարմինների աշխատակիցների պատասխանատվություն ուժի ոչ իրավաչափ կիրառման պարագայում,
  • կանանց նկատմամբ բռնություն և բռնությունների զոհերի փոխհատուցում,
  • դատական համակարգի անկախություն և արդարադատության մատչելիություն,
  • կրոնի և համոզմունքի, խաղաղ հավաքների և արտահայտման ազատության իրացում,
  • իրավական երաշխիքներ լրագրողների և իրավապաշտպանների համար, առողջապահական  ծառայությունների հասանելիություն,
  • անվճար միջնակարգ կրթության ապահովում,
  • հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորություններ,
  • արդարացի և բարենպաստ աշխատանքային պայմաններ,
  • սեփականության իրավունքներ՝ կապված հանքարդյունաբերության նպատակով հողերի տրամադրման հետ:
Վայր. սենյակ 20, Ազգերի պալատ, Ժնև Ժամ և ամսաթիվ. 14.30 – 18.00, հինգշաբթի, հունվարի 22 (Ժնևի ժամանակով (Գրինվիչի միջին ժամանակ +1 ժամ)) ՀՊԴ-ն եզակի գործընթաց է, որի շրջանակներում իրականացվում է մարդու իրավունքների իրավիճակի պարբերական դիտարկում բոլոր 193 պետություններում: 2008 թ. ապրիլին դիտարկման առաջին նիստի կայացումից ի վեր ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունները դիտարկվել են ՀՊԴ առաջին շրջափուլի ընթացքում, իսկ երկրորդի ընթացքում այս պահի դրությամբ դիտարկվել է 112 պետություն: Պետությունների երկրորդ դիտարկման նպատակն է առանձնանշել մարդու իրավունքների ոլորտում զարգացումները տվյալ երկրում առաջին դիտարկումից ի վեր: Այն դիտարկման ներքո գտնվող պետություններին հնարավորություն է տալիս պարզաբանել առաջին դիտարկումների ընթացքում ներկայացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Հայաստանի պատվիրակությունը կղեկավարի արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը: Հայաստանի դիտարկման զեկուցողներ են հանդիսանում Էլ Սալվադորի, Ինդոնեզիայի և Նիգերիայի ((“troika” / եռյակ) ներկայացուցիչները: Նստաշրջանի ինտերնետային հեռարձակումը՝  http://webtv.un.org  հասցեով: