Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 20-ը՝ սգո եւ պահանջատիրության օր. նախաձեռնություն

Հասարակություն
candle3

Մենք՝ Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներս, գիտակցելով, որ մեր երկրի իշխանության ղեկին հայտնված անձինք վաղուց բաց են թողել պահը եւ իրենց անգործությամբ անարգել Գյումրիի արյունալի դեպքերից զոհվածների հիշատակը, հունվարի 20-ը հայտարարում ենք սգո եւ պահանջատիրության օր։ Քաղաքացիներին կոչ ենք անում անպայման ժամանակ հատկացնել Ազատության հրապարակում հարգելու անմեղ զոհերի հիշատակը։ Հունվարի 20-ը կլինի սգո օր՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի, որն իսպառ հոշոտվեց ռուսական 102-րդ ռազմաբազայում գրանցված ռուս տխրահռչակ զինծառայողի եւ նրա հնարավոր աջակիցների կողմից, ինչպես նաեւ պահանջատիրության օր՝ որպես կոչ բոլոր երկրների հայ համայնքներին եւ Հայաստանի ազատ քաղաքացիներին՝ համախմբվելու եւ պահանջելու արդար դատաստան հանցանքի կազմակերպիչների եւ իրականացնողների նկատմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Ապօրինի եւ անբարոյական ենք համարում ոստիկանության կողմից սգավոր ժողովրդի մոմավառությանը եւ խաղաղ հավաքներին խոչընդոտելու փորձերը ինչ-ինչ կցկտուր պատճառաբանություններով եւ առավել եւս առեւանգելն ու բերման ենթարկելը, եւ հուսով ենք, որ իրավապահ կոչվող մարմինները չեն կրկնի անցած երկու օրերի խիստ անպատվաբեր եւ ամոթալի այդ գործելակերպը։ Իշխանության ղեկին հայտնված մարդկանց մենք որեւէ կոչ չունենք։ Նրանց ցուցաբերած խայտառակ անտարբերությունն ընդունում ենք որպես անկարողության բացահայտ դրսեւորում, հետեւաբար նաեւ՝ համապատասխան պաշտոններից ինքնակամ հրաժարական։ «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն