Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանո Սիրադեղյանի անունը շրջանառվեց դատարանում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
dat

Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի անունն այսօր հնչեց դատարանում։ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց Ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը՝ մեղադրելով գործող յոթ տուժողներից Արտակ Գալստյանին։ «Արտակը վստահ լինելով իր անպատժելիությունից, կատարում էր պատվեր, նա ասել է ինձ, որ իր մեջքին կանգնած են Վանո Սիրադեղյանը եւ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ եւ որ ես էլ միանամ իրան, որ Ներսես Նազարյանին եւ Կարեն Բաբակեխյանին իր բառերով ասած՝ գեներալիտետի գործից հանի եւ ինչ ունեն-չունեն ձեռքներից խլեն։ Չհամաձայնեցի, որի համար մինչեւ հիմա պատժվում եմ»,- այսօր դատարանում տված ցուցմունքում նշեց Արթուր Անդրեասյանը։ Նախորդ նիստում ցուցմունք տալով՝ Արտակ Գալստյանը նշել էր, որ Արթուր Անդրեասյանն իրենից վերցրել է 720 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար: «Մինչեւ ձերբակալվելը Արթուր Անդրեասյանը մուծել է բոլոր տոկոսները»,- հիշեցնում է Արթուր Անդրեասյանի պաշտպան Մնացական Սարգսյանը։ Արթուր Անդրեասյանը մեղադրվում է խարդախության եւ խաբեությամբ գումար հափշտակելու մեջ։ Այս գործում շրջանառվում են ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անուններ։ Ըստ մեղադրանքի՝ գործարար Արթուր Անդրեասյանը նրանց անունները տալով է տարբեր քաղաքացիներից գումարներ կորզել։ Ընդհանուր պարտքը կազմում է մոտ 1 մլն դոլար։ Անցյալ տարվա օգոստոսից անազատության մեջ գտնվող 41-ամյա Արթուր Անդրեասյանը առողջական խնդիրներ ունի։ «Ուղեղը սնուցող երակի կաթված է տարել։ Բժիշկների խորհուրդը՝ ճնշումը պահել տեղում՝ նեւրոզներից հեռու»,- ավելացրեց Արթուր Անդրեասյանի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը։ Հաշվի առնելով ամբաստանյալի առողջական վիճակը՝ դատավորը թույլատրեց նրան իր ցուցմունքն ընթերցել նստած։