Խորհուրդներ Ամանորից առաջ (տեսանյութ)
Անցյալ տարվա տոնական թունավորումների հիմնական պատճառը եղել է ալկոհոլի չարաշահումը: Սակայն վիճակագրական տվյալներ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցը չունի: «Տոնական օրերին ալկոհոլը պետք է չափավոր օգտագործել, կարելի է օգտագործել ցածր տոկոսայնությամբ ալկոհոլ: Տոնը տրամադրությամբ պետք է ստեղծել, այլ ոչ թե ալկոհոլային խմիչքներով»,- նշեց Նունե Բակունցը: Անդրադառնալով տոնական օրերին սննդամթերքի օգտագործմանը՝ Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ պետք է բացառել մսային, յուղային, ծանր սննդամթերքը, ավելի շատ չրեղեն եւ բանջարեղեն օգտագործել: «Երբ սննդակարգը փոխվում է, օրգանիզմի համար կարող է խնդիր առաջացնել: Պետք է աշխատել չափը չանցնել եւ աշխատել ուտել քիչ- քիչ»,- ավելացրեց նա: Նունե Բակունցը հիշեցնում է, որ պատրաստի սննդամթերքը շատ կարճ ժամանակ կարող է պահպանվել. «Աղցանները վեցից տասնութ ժամ կարող են սառնարանային պայմաններում պահպանվել, իսկ սեղանին մնալը շատ վտանգավոր է: Պետք է պատրաստել այնքան, ինչքան ուտելու ենք, խորհուրդ չի տրվում մեծ քանակությամբ աղցան պատրաստել, հատկապես երբ օգտագործվում են տարբեր տեսակի սոուսներ, թթվասեր, մայոնեզ»: Իսկ ինչ վերաբերում է սննդամթերքի պատրաստմանը, ապա նա խորհուրդ է տալիս պատրաստելիս ապահովել մաքրությունը եւ միանգամից մի քանի ճաշատեսակ պատրաստելիս ափսեները, դանակը եւ տախտակը լվանալ. «Հում եւ եփած սննդամթերքը չի կարելի միաժամանակ կտրատել»: