Կեղտոտ «Մոսկվիչի» հաց ենք ուտում (տեսանյութ)
«Աշխարհում ոչ մի իրեն հարգող երկիր մթերք, հատկապես չոր կաթ Ուկրաինայից չի ներմուծում, բայց մեր երկիրն այդ անում է»,-նշել է «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահ, Մոնիթորինգի և մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանը։ Նրա խոսքով՝ մաքսային ծառայությունները հրաժարվել են տվյալներ տրամադրել, թե որ ընկերություններն են դա ներմուծել։ Սպառողների ազգային ասոցիացիայի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի շուկայում ընդամենը 4 ընկերություն է որակյալ արտադրանք տալիս, մնացածը բաղադրության մեջ չոր կաթ և հավելանյութեր են օգտագործում՝ հաճախ չնշելով այդ մասին։ Ուսումնասիրության համաձայն՝ «Աշտարակ կաթ», «Թամարա», «Մուլտի ագրո» և «Չանախ» ընկերությունների արտադրանքն է միայն համապատասխանում պահանջներին։ Մասնագետի խոսքով՝ մսամթերքի շուկան ևս անմխիթար վիճակում է։ Շուկայում «Բարի սամարացի», «Աթենք», «Մուշ» ու ևս մի քանի ընկերության արտադրանք է որակյալ։ Անդրադառնալով օրեր առաջ Եղվարդի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, երբ երեխաները սննդի թունավորում էին ստացել, պարոն Հայթյանը նշել է, որ նրբերշիկից թունավորում չէր կարող առաջանալ։ «Պարզապես գուցե ընկերությունները մեկը մյուսի գործին խփելու համար են դա արել»,-նշել է նա։ Հրուշակեղենի արտադրության մեջ նույնպես որակյալները քիչ են։ «Իսկ հացաբուլկեղենի շուկայում խայտառակ վիճակ է»,-շեշտել է «Սպառողների ազգային ասոցիացիա»-ի փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հացն առանց փաթեթավորման մտնում է խանութներ, ընդամենը մեկ, երկու ընկերություն է դրան հետևում, չի նշվում նաև, թե որ տեսակի ալյուրից է այն պատրաստված։ «Խանութների աշխատակիցներն ասում են՝ դե «Մոսկվիչ» կա, բերում հացը տալիս է, մենք փողը տալիս ենք ու վերջ»,-նշում է պարոն Հայթյանը։ Փաստորեն, ասում է՝ կեղտոտ մեքենաներով հացը հասցնում են խանութներ։ Տարեվերջին ամփոփելով լավ ու վատ արտադրողների գործունեությունը, մասնագետը շեշտել է, որ ցանկանում են գոնե թվով 50 լավագույն արտադրանք ունենալ «ձեռքի տակ», սակայն այս պայմաններում չի հաջողվում։