Հովհաննես Գաբուզյանն առայժմ 8-րդ տեղում է
Հայաստանի շախմատիստները շարունակում են պայքարը Եվրոպայի Մեծ գավաթի համար, որը խաղարկվում է «Ալբենա-2014» միջազգային մրցաշարի շրջանակում։ Արդեն կայացած 4 տուրից հետո մեր պատվիրակներից առավել հաջող հանդես է գալիս գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որը 3,5 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը։ Նա միայն կես միավորով է զիջում մրցաշարի երկու առաջատարներին, որոնք տարել են 4 անընդմեջ հաղթանակ։ Փորձառու գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը վաստակել է 3 միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 2,5-ական։ Նշենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով։ Այսօր նախատեսված 5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը սպիտակներով կմրցի թուրք շախմատիստ Դրագան Սոլակի հետ։ Վլադիմիր Հակոբյանի մրցակիցը կլինի թուրք միջազգային վարպետ Բուրակ Ֆիրատը, Տիգրան Լ. Պետրոսյանինը՝ ինդոնեզացի Սյահ Ֆարիդը, Տիգրան Ս. Պետրոսյանինը՝ բուլղարացի Դայան Նինովը։