Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդակագործի ժառանգությունը` կործանման եզրին

Հասարակություն
018c6ccf74e7962854abd357e3858e25

Հայ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակի առիթով` նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը ՀՀ նկարիչների միության ցուցասրահում կկազմակերպվի հոբելյանական ցուցահանդես:

ՀՀ մշակույթի նախարարության հոբելյանական միջոցառումների շրջանակներում հրատարակվել է նաև «Բենիկ Պետրոսյան-70» ալբոմը, տեղադրվելու է արվեստագետի հուշաքարը` Թումանյան-9 հասցեում:

Միջոցառման նախօրեին Բենիկ Պետրոսյանի ընտանիքը (Ալիս Ադամյան, Վահագն Հայրապետյան, Արևիկ Պետրոսյան, Արեգ Պետրոսյան) հանդես է եկել նամակով, որին միացել են արվեստի գործիչներ, մտավորականներ, երկրպագուներ:

«Արվեստագետը հեռացավ կյանքից ստեղծագործական ծաղկուն շրջանում` 57 տարեկան հասակում, թողնելով իր ժողովրդին հսկայածավալ, եզակի ու ինքնատիպ ստեղծագործական ժառանգություն: Հայ իրականության մեջ Բենիկ Պետրոսյանն հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկար և գրաֆիկա, ձուլածո և կոփածո աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն:

Բենիկ Պետրոսյանի արվեստը նշանակալի ներդրում է ազգային մշակույթի պատմության մեջ: Արվեստագետը ցուցադրվել է ԽՍՀՄ և այլ երկրներում, նրա ստեղծագործությունները տեղ են գտել աշխարհի տարբեր թանգարաններում և անհատական հավաքածուներում:

Բենիկ Պետրոսյանի բացառիկ արվեստի հանդեպ անընդհատ աճող հետաքրքրությունը հավաստում է այն մասին, որ արվեստագետի թանգարանը ստեղծելու համար անհրաժեշտ է պետական հոգածություն և հովանավորություն:

Տասը տարուց ավելի հանրության ուշադրության կենտրոնում է քանդակագործ Բենիկ Պետրոսյանի ազգային արժեք ներկայացնող ստեղծագործական ժառանգության պահպանման, պատշաճ ցուցադրման և սերունդներին փոխանցելու խնդիրը:

Նախորդ տարիներին կազմակերպվել են բազմաթիվ հետմահու ցուցահանդեսներ, որտեղ այցելել և իրենց հիացմունքն են հայտնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մտավորականներ, արվեստի գործիչներ, ովքեր անհրաժեշտություն են համարել թանգարանի ստեղծումը, և այդ գիտակցմամբ եղել են նաև բարձր խոստումներ` քաղաքապետի 06.08.2001թ. N 862 որոշման համաձայն «Կասկադ» համալիրի 4-րդ հարթակը /650 ք/մ մակերեսով/ 2002թ. տրամադրվել է «Բենիկ Պետրոսյան» մշակութային կենտրոնին:

Ապա «Գաֆեսճյան» թանգարանը պարտավորություն վերցրեց պահպանելու և ցուցադրելու քանդակագործի արվեստը /ինչը ամրագրված էր պայմանագրում հատուկ կետով/: Սակայն «Գաֆեսճյան» հիմնադրամը «Կասկադ» համալիրում ունենալով այլ ծրագրեր, պահանջեց դուրս բերել այդ եզակի հավաքածուն` չնչին փոխհատուցմամբ:

Այդ փոխհատուցման և նաև անվանի քանդակագործի ընտանիքի ներդրած միջոցների հաշվին մայրաքաղաքի Հանրապետության փողոցում ձեռք բերվեց նորոգման կարիք ունեցող շինություն, որը վերջապես պետք է դառնար թանգարան, սակայն ավելի ուշ այն հայտնվեց պետության կողմից իրացվող գոտու տարածքում, և արդեն քանի տարի է Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ողջ ժառանգությունը գտնվում է բավականին անմխիթար պայմաններում, խոնավության մեջ, որտեղ բացակայում են անվտանգության, ջեռուցման, օդափոխության համակարգերը:
Ստեղծագործությունների պահպանումը վտանգված է:

Անհրաժեշտ է պետական մոտեցում այս խնդրի լուծման համար»,- ասված է նամակում