Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանության հիմնական ու գլխավոր մրցակիցը 9 ամիս կալանքի տակ է․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ  Նարեկ Կարապետյանի խոսքով՝ ընտրական գործընթացներից առաջ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, քանի որ, նրա գնահատմամբ, իշխանության հիմնական մրցակիցը՝ Սամվել Կարապետյանը, գտնվում է կալանքի տակ։

«Հայաստանն այս ընտրական պրոցեսներից առաջ հետաքրքիր իրավիճակում է։ Իշխանության հիմնական առաջատար մրցակիցը գտնվում է կալանքի տակ՝ 9 ամիս։ Փաստացի իշխանությունը պայքարում է նրա նկարի դեմ, քանի որ նրա խոսքի ազատությունը սահմանափակված է»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝ իրենք դիմել են նաև Քննչական կոմիտեին՝ փորձելով հնարավորություն տալ կալանքի տակ գտնվող գործարար Սամվել Կարապետյանին շփվելու ժողովրդի հետ, սակայն ստացել են պատասխան, որ կառույցը իրավասու չէ մեկնաբանել կամ փոխել դատարանի որոշումները։

Նարեկ Կարապետյանը պնդեց, որ, չնայած սահմանափակումներին, հասարակության աջակցությունն իրենց քաղաքական ուժին պահպանվում է։

«Նրանք, պայքարելով Սամվել Կարապետյանի նկարի դեմ, մեկ է պարտվում են։ Եթե հնարավորություն տան ժողովրդի հետ շփվելու, շատ ավելի լավ կլինի: Չնայած բոլոր սահմանափակումները կիրառվում են Սամվել Կարապետյանի նկատմամբ, բայց մեկ է՝ գործող իշխանությունները վախենում են ու չեն կարողանում մրցել»,- հայտարարեց նա։

Նա նաև քննադատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը։

«Փաշինյանի գործունեությունը համապատասխանում է Թուրքիայի շահերին»,- նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ, իր համոզմամբ, իշխանությունները փորձում են տարբեր կերպ կապել Սամվել Կարապետյանին այլ քաղաքական գործիչների հետ՝ հասարակության մի հատվածի բացասական վերաբերմունքն օգտագործելու համար։

Նրա խոսքով՝ իրենց թիմը հանդես է գալիս որպես նոր քաղաքական ուժ և ունի Հայաստանի զարգացման այլ պատկերացում։

Նա նաև խոսեց Արցախից տեղահանվածների խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց առաջնահերթ նպատակներից մեկը նրանց բնակարաններով ապահովելն է։ Միաժամանակ նա ընդգծեց, որ Արցախ վերադարձի հարցը բարդ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դիրքորոշումը։

Ճեպազրույցի ընթացքում նա անդրադարձավ նաև տնտեսությանը՝ նշելով, որ վերջին տարիներին Հայաստանում բազմաթիվ արտադրություններ են ստեղծվել «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից։

Նարեկ Կարապետյանը, համեմատելով ներկայիս իրավիճակը գրող Հովհաննես Թումանյանի Չարի վերջը հեքիաթի հետ, ասաց, որ Հայաստանը, իր գնահատմամբ, արդեն զգալի կորուստներ է ունեցել։

«Մենք արդեն երկու ձագ տվել ենք Ադրբեջանին, մնացել է երրորդը»,– նշեց նա։

Կարապետյանը հայտարարեց, որ իշխանությունների քաղաքականությունը վնասում է երկրի ապագան։

«Իրենք երկրի հիմքերը քանդելով նաև մեր ապագայի հիմքեր են քանդում, այդպես երկիր չեն ղեկավարում»,- եզրափակեց նա։