Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՌՀ պարզաբանումը

Պաշտոնական
tigran-hakobyan

290 օր  ուշացումով… (ԽԱՊԿ մի հրապարակմնան կապակցությամբ) «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» (ԽԱՊԿ) հասարակական կազմակերպությունը ս.թ. հուլիսի 30-ին զանգվածային լրատվամիջոցների էլեկտրոնային հասցեներին մի հրապարակում էր ուղարկել, որում   քննադատել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ)  2017 թ. հոկտեմբերի 10-ին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխության կապակցությամբ: Հիշեցնենք, որ համաձայն վերոհիշյալ  օրենքի Հայաստանում, բացի հանրային թվային մուլտիպլեքսից,   պետք է կազմավորվի  նաեւ հանրապետական սփռում ունեցող մասնավոր մուլտիպլեքս, որի գործարկումը կազատականացնի թվային հեռարձակման ոլորտը: 2016 եւ 2017 թ. ՀՌՀ կողմից հայտարարված մասնավոր մուլտիպլեքսորի՝ մուլտիպլեքսի կառուցման եւ կառավարման ընկերության ընտրության  մրցույթին որեւէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել: Անցյալ տարվա հոկտեմբերին մրցույթի հայտերի  ընդունման 3 ամսյա ժամկետը ԱԺ-ն փոխարինեց  6 ամսյա ժամկետով:  Եւ ահա այս հավելյալ 3 ամիսը  հրապարակման հեղինակները սպառնալիք եւ մարտահրավեր են համարում խոսքի ազատությանը: Այդպես կարծելը, անշուշտ, հրապարակման հեղինակների իրավունքն է: Բայց քանի որ  ԽԱՊԿ-ի  հրապարակման  տեքստում  տեղ  են գտել անհիմն մեղադրանքներ ՀՌՀ հասցեին եւ ակնհայտ փաստերի խեղաթյուրում, հարկ ենք  համարում  որոշ   պարզաբանումներ ներկայացնել հանրությանը: 1.Զարմանալի է  այն փաստը, որ օրենքում փոփոխություն կատարելուց միայն 290 օր  հետո «հեռարձակման ոլորտի խնդիրները մշտապես ուսումնասիրողների» կազմակերպությունը «շատ պատահական է»   նկատում (մեջբերումները ԽԱՊԿ-ի հրապարակումից են) օրենքում կատարված փոփոխությունը: Նույնիսկ շատ զարմանալի է, եթե հաշվի առնենք  այն հանգամանքը, որ ԽԱՊԿ-ի ղեկավար Ա. Մելիքյանը օրենքի ընդունումից հետո իր  հրապարակային ելույթներում,  ՀՌՀ հասցեագրված նամակներում,  մեզ  հետ քննարկումների  ժամանակ  մշտապես  բարձրացրել է մասնավոր մուլտիպլեքսի խնդիրը: Ստացվում է, որ 290 օր շարունակ պարոն Մելիքյանը անդրադարձել է մի խնդրին,  որի մասին չունի ամբողջական պատկերացում: 2.ԽԱՊԿ-ի ղեկավարը, որպես մասնագիտացված կառույցի  ղեկավար, պարտավոր է  իմանալ, որ ՀՌՀ-ն  չունի օրենսդրական նախաձեռնությունների իրավունք, ուստի  օրենքում փոփոխություններ կատարելու լիազորություններ եւս չունի: Ինչպես եւ հասարակական կազմակերպությունները,  ՀՌՀ իրավասու է  առաջարկներ ներկայացնել, որոնք կամ  ընդունվում են, կամ ոչ: 3.ԽԱՊԿ ղեկավարը ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված  բոլոր փոփոխություններն ու լրացումները «մշակվել են փակ դռների հետևում եւ օրինագծերի պատրաստման փուլում ՀԿ-ներին ներգրավելն առհասարակ բացառվել է»:  ԽԱՊԿ-ի ղեկավարը հաճախ է հրավիրվել համապատասխան պետական գերատեսչություններ (երբեմն ավելի հաճախ, քան ՀՌՀ ներկայացուցիչները) օրինագծերի քննարկմանը (դա փաստում են քննարկումների արձանագրությունները): Ուստի,  հայտարարել սեփական անտեղյակության մասին եւ մեղադրել ՀՌՀ-ին այն բանի համար, որ ԽԱՊԿ –ի առաջարկած փոփոխությունները    տեղ չեն գտել ԱԺ ընդունված օրենքում, առնվազն,  կոռեկտ չի: 4.Անդրադառնալով մարզերում կամ համայնքներում տեղական մուլտիպլեքսներ գործարկելու խնդրին, պարոն Ա.Մելիքյանը վկայակոչում է  Վրաստանի օրինակը, որտեղ կառուցվել են  մարզային մուլտիպլեքսներ: Սակայն դա թերի ճշմարտություն է,  ինչը մանիպուլյացիայի դասական հնարք է համարվում: Իրականում Վրաստանում բացի հանրային մուլտիպլեքսից գործում են 3 (երեք) հանրապետական սփռում ունեցող մուլտիպլեքսներ: Այստեղ հարկ է նաեւ նշել, որ միայն հանրապետական սփռում ունեցող մասնավոր մուլտիպլեքսը կարող է մրցակցություն ապահովել այդ ոլորտում: Առաջ քաշելով փոքր մարզային մուլտիպլեքսների գաղափարը, ԽԱՊԿ-ը ցանկանում է հավերժացնել պետական մուլտիպլեքսի մենաշնորհը, ինչը տարօրինակ մոտեցում է խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության համար: 5.Հրապարակման մեջ նշվում են «մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերություններ, որոնք դուրս են մնացել թվայնացման գործընթացից և հայտնվել ծանր վիճակում», եւ այդ «ծանր վիճակի» պատասխանատուներից մեկը նշվում է ՀՌՀ-ն: Այստեղ ցանկանում ենք հիշեցնել պարոն Ա. Մելիքյանին, որ այդ «10-ից ավելի» հեռուստաընկերությունները հանրային թվային մուլտիպլեքսի գործարկելուց հետո  համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը: Եւ միայն ՀՌՀ-ի ակտիվ միջամտության եւ հիմնավոր առարկություններից հետո  փոփոխություններ կատարվեցին  օրենքում, ինչը թույլ տվեց այդ հեռուստաընկերություններին շարունակել հեռարձակումը անալոգային տիրույթում: Ավելին, պարոն Մելիքյանը տեղյակ է (քանի որ մասնակցել է քննարկումներին), որ ՀՌՀ-ն կապի եւ տրանսպորտի նախարարության հետ համատեղ մշակել էին տեխնիկական եւ իրավական հիմնավորումները, որոնք թույլ կտային այդ հեռուստաընկերություններին գործել հանրային թվային տիրույթում: Սակայն տարբեր պատճառաբանություններով, նաեւ օբյեկտիվ պատճառներով այդ հեռուստաընկերությունները չցանկացան կամ չկարողացան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Ցանկանում ենք նաեւ տեղեկացնել պարոն Ա.Մելիքյանին, որ ՀՌՀ-ն մշտական կապի մեջ է մարզային եւ համայնքանին հեռուստատեսությունների հետ, շատ լավ ծանոթ է նրանց խնդիրներին եւ արագ  արձագանքել է նրանց առաջարկներին եւ խնդրանքներին:   Եւ որպես վերջաբան: Միայն շատ հարուստ երեւակայություն ունեցող անձը կարող է պնդել, որ  մրցույթին հայտ ներկայացնելու ժամկետը 3 ամսով երկարացնելը  կարող է սպառնալ  խոսքի ազատությանը:  ԽԱՊԿ-ի  եւ այս հրապարակումից, եւ պարոն Ա. Մելիքյանի վերջին ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ նա արհեստական առիթներ է փնտրում իր գլխավորած կառույցը հանրության ուշադրության կենտրոնում պահելու համար: Մեզ համար շատ պարզ նպատակներով, որոնց հետ խոսքի ազատության պաշտպանությունը որեւէ առնչություն չունի:   Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով