Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարի լույս». լրագրությունից հիասթափված ռեժիսորի ֆիլմը՝ լրագրողի մասին

Մշակույթ
arevshatyan

Վաղը՝  հուլիսի 14-ին  «Ոսկե ծիրան»-ի շրջանակում սպասվում է Երևանյան պրեմիերա. կցուցադրվի Աննա Արևշատյանի «Բարի լույս» ֆիլմը։ Սա ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Սցենարի հեղինակը Սևադա Գրիգորյանն է։ Ֆիլմի տևողությունը 105 րոպե է։ Պատմությունը լրագրողի մասին է, որը մասնագիտական հակամարտության մեջ է այն հեռուստաընկերության ղեկավարության հետ, որտեղ աշխատում է։ «Ֆիլմը մեր բոլորի մանկության, 90-ականների մասին է։ Փորձել եմ պատասխանել՝ ով ենք եղել, ով ենք հիմա և ուր պետք է գնանք հարցերին»,-նշեց Աննան։ Untitled Ռեժիսորի կարծիքով Հայաստանի համար «Բարի լույս»-ը  բավականին ակտուալ ֆիլմ է, քանի որ սուր հարցեր են բարձրացված։ Աննան ակնկալում է, որ ֆիլմից հետո հանդիսատեսը  դուրս կգա փոխված և այն  մտածելու տեղիք կտա։ Ֆիլմում հիմնականում խաղում են ոչ դերասաններ։  «Ֆիլմի համար հիմնականում ընտրել եմ մարդկանց, որոնք ինձ հետաքրքիր են իրենց կերպարով»,- նշեց Աննա Արևշատյանը։ 1 Էպիզոդիկ դերերում արդեն խաղում են դերասաններ,որոնք, Աննայի խոսքերով, ֆիլմին գեղարվեստականություն են հաղորդում։ Ֆիլմում կարող ենք տեսնել Զառա Արամյանին,Սամվել Փիլոյանին,Արսինե Նավասարդյանին,Լիդա Հակոբյանին, Լուսինե Բադալյանին։ Ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացը տևել է 2 տարի, իսկ նկարահանումները կատարվել են 26 օրվա ընթացքում։ Մինչ այս ֆիլմը, Աննա Արևշատյանը  նկարահանել է  «Կյանքի մեկ օր» (2009), «Անձրևանոցը» (2011), «Հավասարակշռություն» (2011), «ՎԳԻԿ» (2011),« Մետագրամ» (2012), «Կյանքի մեկ օր» (2009), «Թռիչք» (2013) ֆիլմերը։ 2 Հարցին, թե իր ֆիլմերից որը կառանձնացնի, Աննա Արևշատյանը  չցանկացավ որևէ մեկն առանձնացնել, քանի որ, իր խոսքերով, ինքնաքննադատ է և նաև չափազանց  պահանջկոտ հանդիսատես։ Աննան հստակ ժանրային նախընտրություններ չունի։ «Ինչպես իսկական արվեստագետ՝ չեմ սիրում ֆիլմերը բաշխել ինչ- որ ժանրերի։ Դա քննադատների գործն է։ Ես փնտրում եմ նոր հայացքներ, հետաքրքիր դերասանական խաղ և ռեժիսորական լուծումներ»,- նշեց Աննան։ 3 Աննան ոգեշնչվում է  ոչ թե որևէ ռեժիսորի արած գործով, այլ նրանցով՝ որպես անձ։ Նրա սիրելի ռեժիսորներից է Ֆեդերիկո Ֆելինին. «Նա, որպես անձ, դժվար է ասել, որ պարզաբանված է»,- նշեց Աննան։ Աննային  տարբեր շրջաններում ոգեշնչում  են  տարբեր մարդիկ։ «Ընթացքում եղել են էլի սերեր, բայց Ֆեդերիկո Ֆելինին ինձ համար երկարատև սեր է։ Չգիտեմ մի օր կանցնի, թե չէ» ,- անկեղծացավ Աննան։ 4 Աննա Արևշատյանը  2007-ին ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետը։ Մի որոշ ժամանակ աշխատել է որպես լրագրող, բայց շուտով  հիասթափվել է։  2010-ին անցել է  Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների  բարձրագույն դասընթաց՝ Ա. Սուրիկովայի և Վ. Ֆոկինի արվեստանոցում։ «Կարոտով լցված եկա Հայաստան և նկարեցի «Բարի լույս» ֆիլմը»,- հավելեց Աննան։