Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառահատումներն ավելացել են գազի և հոսանքի թանկացման պատճառով (տեսանյութ)

Հասարակություն
antar-1

Աշխարհում այսօր նշվում է Անտառների պաշտպանության համաշխարհային օրը: Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանի խոսքերով՝ 2000- 2014 թթ. կորուստը կազմել է 2000 հա: Այդ հետազոտությունները արվել են արտասահմանյան կազմակերպությունների կողմից: Ռուբեն Պետրոսյանը նշում է, որ ապօրինի հատումները եւս ավելացել են: 2014 թվականին հատվել է 1043, իսկ 2015 թվականին՝ 1972 ծառ: Հատումների ավելացումը, նրա դիտարկումներով, պայմանավորված է գազի եւ էլեկտրաէներգիայի գնի թանկացմամբ: Ծառահատումների հետ միասին, գլխավոր անտառապետի խոսքերով, վերականգման աշխատանքներ են իրականացվել եւ նախորդ տարի 35 հա անտառտարածք է տնկվել: Նախորդ տարի ապօրինի հատումների 112 ակտ է կայացվել, եւ 141 անձ ազատվել է աշխատանքից: Աշխատանքը գրավիչ չէ, պատասխանատու է, մարդիկ չեն ուզում մնալ»,-ասում է «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետը: Հայաստանում անտառածածկ է 332 333 հա տարածք, որի 25 տոկոսը Բնապահպանության նախարարությունն է կառավարում, մյուս մասը՝ Գյուղատնտեսության նախարարությունը՝ «Հայանտառը»: Ի դեպ, անդրադառնալով Երեւանի անտառներին՝ Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ Երեւանում ծառ աճեցնելը բավականին ծանր եւ դժվար գործ է. «Ոռոգման ջուրը, հողը նորմալ չէ, պաժառ են տալիս: Ամեն տարի Նորքի անտառների ներքեւի մասը այրվում է: Ներքեւից աղբանոց է, աղբը վառում են, կրակը մտնում է անտառ»: