Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳՐԵՐԸ ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԻՋՈՑ

Քաղաքականություն

Նախագահ Քոչարյանը հուլիսի 18 ին ստորագրել է «Զինվորական ծառայության անցնելու» մասին օրենքը, որը հաջորդ օրը, ըստ նախագահի խոսնակ Վահե Գաբրիելյանի, տպագրվել է պաշտոնական տեղեկագրում եւ ուժի մեջ է մտել հուլիսի 20-ին:

Գեներալ- լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանին նախագահի հրամանագրով կոչումից զրկել են հուլիսի 22 ին : Առաջին հայացքից թվում է , թե ամեն ինչ օրենքի շրջանակում է արվել, չնայած նրան , որ օրենքը հակասահմանադրական է եւ հակասում է սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետին, որը սահմանանում է նախագահի միայն կոչումներ ու շքանշաններ շնորհելու իրավունքը :

Հասկանալով, որ օրենքի ընդունման հիմնական մեղքը օրենսդիրինն է / վերջին օրերին պատգամավորները շատ այլ խնդիրներ ունեին մտահոգվելու /, փաստենք , որ նույնիսկ այդ դեպքում օրենքը ետադարձ ուժ չունի եւ չի կարող տարածվել մինչ օրենքի ընդունումը տեղի ունեցած դեպքերի վրա: Այսինքն, օրենքը ուժի մեջ մտնելուց մինչեւ հրամանագիր ստորագրելու պահը / 2 օր / պետք է տեղի ունեցած լիներ խիստ դատապարտելի ու գեներալի կոչումն արատավորող արարք:

« Հանրապետություն» կուսակցությունում ճշտեցինք, որ վերոհիշյալ 2 օրերի ընթացքում Վաղարշակ Հարությունյանը չի մասնակցել ոչ մի հավաքի , չի կազմակերպել ցույցեր, հանրահավաքներ, նույնիսկ որեւէ լրատվամիջոցի չի տվել հարցազրույց : Բնականաբար, չէր կարող արատավորել գեներալի կերպարը: Բացի այդ, «Զինվորական ծառայության անցնելու մասին»օրենքը վերաբերում է միայն զինծառայողներին, իսկ Վաղարշակ Հարությունյանը, ըստ կուսակցության քաղխորհրդի անդամների, 2000 թվականի հուլիսից չի ծառայում ՀՀ զինված ուժերում, բնականաբար օրենքը չի վերաբերում քաղաքացիական մարդուն : Առավել եւս մի մարդու , որը քաղաքական կուսակցության քաղխորհրդի անդամ է:

Կուսակցությունում նաեւ հայտարարեցին , որ օրենքում եւս անընդունելի մի շարք կետեր կան .մասնավորապես, գնդապետին կոչումից զրկում է դատարանը, իսկ գեներալին` նախագահը: Սա « Հանրապետություն» կուսակցությունում համարում են հաշվեհարդարի միջոց .

Ի դեպ, ինչ վերաբերում է նրան, որ Վաղարշակ Հարությունյանը զբաղվում է քաղաքականությամբ եւ երբեմն նաեւ խոսում գլխավոր հրամանատարի դեմ, ինչպես նկատեց Ռ. Քոչարյանի խոսնակ Վահե Գաբրիելյանը, ապա Վաղարշակ Հարությունյանը քաղաքացի է եւ իրավունք ունի զբաղվել ինչով ուզում է / քրեորեն չհետապնդելի / :

«Նա զինված ուժերում ծառայող գեներալ չէր, որ խոսում էր գլխավոր հրամանատարի դեմ, Վաղարշակ Հարությունյանը ՀՀ քաղաքացի է եւ կուսակցության քաղխորհրդի անդամ», - նկատեցին նրա կուսակիցները:

Ի դեպ, եթե գեներալներին, նույնիսկ զորացրված, արգելվում է զբաղվել քաղաքականությամբ, ապա ինչպե՞ս կարելի է բացատրել գեներալ Վլադիմիր Դարբինյանի դեպքը, երբ նա ոչ միայն զբաղվում է քաղաքականությամբ , այլ ղեկավարում է քաղաքական կուսակցություն :