Մի շարք համայնքներ կխոշորացվեն․ նախագիծը հաստատվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունն այսօր հաստատեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը, որոնք վերաբերում են համայնքների հերթական խոշորացմանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց, որ նախաձեռնությամբ իրականացվում է համայնքների միավորման ութերորդ փուլը։
«Սա, ըստ էության, համայնքների միավորմանն 8-րդ փուլն է: Կոնկրետ այս նախագծում առաջարկում ենք միավորել 9 համայնք՝ 80 բնակավայրով, և ձևավորել 3 խոշորացված համայնք 3 մարզերում»,– ասաց նախարարը։
Նրա ներկայացմամբ՝ Լոռու մարզում կձևավորվի Ստեփանավան խոշորացված համայնքը՝ ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ ընդհանուր 20 բնակավայրով։ Սյունիքի մարզում կձևավորվի Գորիս համայնքը՝ ներառելով Գորիս, Տաթև և Տեղ համայնքները՝ ընդհանուր 28 բնակավայրով, իսկ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր համայնքը՝ միավորելով Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները՝ ընդհանուր 32 բնակավայրով։
Փոփոխությունների ընդունումից հետո Հայաստանում համայնքների ընդհանուր թիվը ներկայիս 70-ի փոխարեն կդառնա 64։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման ընթացքում նշեց, որ խոշորացված համայնքներում կառավարությունը տեսնում է սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հստակ ազդեցություն։
«Եկեք արձանագրենք նաև, որ նախորդող շրջանում խոշորացման արդյունքում որևէ մտավախություն չարտահայտվեց, ոչ մի գյուղ իր անունն ու ինքնությունը չկորցրեց, ընդհակառակը՝ երևացին աշխատանքների արդյունքները»,– ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ կառավարությունը նաև պետք է մշակի մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն համայնքային իշխանությունների գործունեության արդյունավետությունը և կուժեղացնեն քաղաքացիների հետ հաղորդակցությունը՝ բացատրելու համար, թե ինչպես է աշխատում համակարգը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ կառավարման տեսանկյունից ավելի արդյունավետ է աշխատել ավելի փոքր թվով համայնքների ղեկավարների հետ։
«Կառավարության համար էլ է հեշտ աշխատել ոչ թե 600, այլ 60 համայնքի ղեկավարի հետ»,– նշեց նա։
Ամփոփելով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախորդ 7 փուլերի փորձը ցույց է տալիս՝ խոշորացված համայնքները կարողանում են իրականացնել ավելի մեծ ծրագրեր։ Նրա խոսքով՝ մեկ փոքր գյուղական բնակավայրում հնարավոր չէ ունենալ քաղաքաշինության, նախագծման կամ մրցույթների կազմակերպման մասնագետներ, մինչդեռ խոշորացված համայնքներում այդ հնարավորությունները ձևավորվում են։
Խուդաթյանն ընդգծեց նաև, որ վերջին տարիներին կառուցվել է շուրջ 500 մանկապարտեզ, որոնց զգալի մասը գյուղական բնակավայրերում է։ Նրա խոսքով՝ եթե համայնքների միավորում չիրականացվեր, գյուղերի մեծ մասը նույնիսկ բյուջե չէր ունենա մանկապարտեզների պահպանման համար անհրաժեշտ ծախսերը հոգալու, մինչդեռ խոշորացված համայնքներում այդ խնդիրները լուծվում են։