Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատվել է Փաշինյանի ցուցումով՝ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։

«Այո, ես ԱՄՆ փոխնախագահին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու պատճառով խնդրել եմ, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն», - ասաց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ այն բանից հետո, երբ ինքը հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի Ղարաբաղյան շարժումը, պետական համակարգում չպետք է լինեն պաշտոնյաներ, որոնք կշարունակեն այդ քաղաքականությունը։

«Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում», - շարունակեց նա։

Փաշինյանը հավելեց, որ երկրում չի կարող միաժամանակ գոյություն ունենալ արտաքին քաղաքականության մի քանի տարբեր ուղղություն։

«Սա պետություն ա, հարգելիներս, սա պետություն ա հստակ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և ըտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա: Կառավարությունն ա որոշում արտաքին քաղաքականությունը, ես Կառավարության ղեկավարն եմ՝ այդ թվում ես եմ, այո», - ասաց Փաշինյանը: 

Վարչապետը նաև անդրադարձավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ հարաբերություններին՝ հայտարարելով, որ իր կարծիքով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը  և նրա շրջապատը գործում են արտաքին ազդեցությունների ներքո։

«Մայր աթոռի հետ կապված բոլոր խնդիրների մասով՝ ես կարծում եմ, որ Կտրիճ Ներսիսյանն ու իր խմբակը կառավարվում են պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով և տրամաբանությամբ, սա ես երբեք չեմ թաքցրել», - նշեց վարչապետը։

Վարչապետը նաև նշեց, որ պատարագների ընթացքում «Արցախի Հանրապետություն» արտահայտության հնչեցումը համարում է պատերազմի կոչ։ Նրա խոսքով՝ նման հայտարարությունները վկայում են, որ «Կտրիճ Ներսիսյանն ու նրա կողմնակիցները, իր գնահատմամբ, ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։