Ազատ ոճային ըմբիշները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է Լևիկ Միքայելյանը (61 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
61 կգ քաշայինների եզրափակչում Լևիկ Միքայելյանը գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևի հետ և 2։1 հաշվով հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ նվաճելով երտասարդական ԵԱ-ի հաղթողի կոչումը։ Մեկնարկում Միքայելյանը առավելության էր հասել Մոլդովայի ներկայացուցիչ Վասիլյե Մարկուի (4։1) և բուլղարացի Էրդալ Գալիպի (1։1) նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Տոլգա Օզբեկին:
125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտու մրցել է Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկի հետ և ընդամենը 40 վայրկյանում հաղթանակ տարել՝ կարիերայում երկրորդ անգամ դառնալով երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։
Բրոնզե մեդալի համար գոտեմարտել է նաև 92 կգ քաշային Կնյազ Իբոյանը, որը սակայն զիջել է Ռուսաստանը ներկայացնող Մուստաֆագաջի Մալաչդիբիրովին։
19-ամյա Արման Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այանդար Օնդարին։ Վերջինս հասել է եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն է ստացել, որտեղ 16։5 հաշվով հաղթել է ուկրաինացի Միկոլա Բրատովին։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Բելառուսի ներկայացուցիչ Արտյոմ Պավլյուչենկայի նկատմամբ։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5։3 հաշվով առավելության է հասել գերմանացի Մարսել Վագինի նկատմամբ։ Մեկնարկում Մարգարյանը ժամանակից շուտ զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Ելթեմիրովին, իսկ սփոփիչ գոտեմարտում 11։4 հաշվով առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Դանիելե Ջուբիոտիի նկատմամբ։
65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արման Մուսիկյանը ևս պայքարել է բրոնզե մեդալի համար, սակայն գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ զիջել է մրցակցին՝ Ադրբեջանի ներկայացուցիչ Մուսա Աղաևին։ Գոտեմարտն ավարտվել է 4:6 հաշվով: Մուսիկյանը մեկնարկում տուշեով հաղթանակի էր հասել հունգարացի Զոլտան Միժեիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Սանդրո Հունգերբյուլերին, իսկ կիսաեզրափակչում 6։9 հաշվով զիջել է Բելառուսի ներկայացուցիչ Մագոմեդխան Մագամեդխանովին։
Հունահռոմեական ոճի ըմբիշները Մ23 տարեկանների ԵԱ-ում պայքարը կսկսեն մարտի 13-ից: Գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մեդալների համար կպայքարեն 55 կգ քաշային Մանվել Խաչատրյան, 60 կգ Սուրեն Աղաջանյանը, 63 կգ Արմեն Սուքիասյանը, 67 կգ Յուրիկ Հովեյանը, 72 կգ Աշոտ Խաչատրյանը, 77 կգ Սամվել Տերտերյանը, 82 կգ Մարտիկ Պետրոսյանը, 87 կգ Վիգեն Նազարյանը, 97 կգ Ռուբեն Գևորգյանը, 130 կգ Արամայիս Հարությունյանը: