Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունները մինչ օրս որեւէ բան անելիս Սահմանադրության կարծիքը չեն հարցրել» (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled

Մարալիկցիները սահմանադրական փոփոխությունների մասին լսել անգամ չեն ուզում. «Ոնց ուզում են, ըտենց դարձնում են, էլի, էս ժողովուրդն էլ ոչխար է, հմի եկել եք ագիտացիա եք անում՝ այո։ Ընչի՞ համար՝ այո»։ Մարալիկցի երկրորդ կարգի հաշմանդամ այս ծերունին գիտի Սահմանադրությունը փոխելու իրական պատճառները. «Սերժ Սարգսյանին ուզում եք 10 տարի նորից նստըցնենք, որ ժողովրդին նորից պահի անոթի ու ծարավ ու մարդկանց զարգի, սպանի, հեչ մեկը չկըրնա դեմն առնի»։ Շիրակցի պատգամավորը մարալիկցուն փորձում է հասկացնել, որ երկրում կա արմատական փոփոխությունների կարիք։ Մարալիկցին գիտի, որ կարիք չկա. «Էդպես շարունակեք, բայց ոչ թե Սահմանադրությունը փոխեք, օրենքը կիրառեք»։ «Այո»-ի կողմնակից Միքայել Մելքումյանը փորձում է հասկացնել, որ նախագահի ինստիտուտը արյունահեղության տանող ինստիտուտ է։ Մարալիկցին հիշեցնում է՝ այս տարվա փետրվարին Գագիկ Ծառուկյանն ուզում էր առանց արյան իշխանություն փոխել։ Մելքումյանը համաձայն չէ. «Այսինքն, եթե դու գնաս փորձես՝ հասարակական կարգ ա խախտվում։ -Ծառուկյանն էն մարդը չէ, որ... –Ա, ինքը չէ, է, մասսան 100 հազար հավաքվում ա»։ Գորիսում ռեալիթի շոուի մասնակիցները հովվերգության մեջ են՝ Բակունցի տուն-թանգարանի բակում խմում են տանձի օղի։ Հրայր Թովմասյանը կենաց է խմում՝ խոցված ստալինյան դահճի ձեռքով գնդակահարված հանճարեղ Բակունցի ճակատագրից։ «Մենք ունենք մեր անկախ Հայրենիքը, մենք ունենք Հայաստանը, վստահ եմ՝ նման բան երբեք չի կրկնվի»։ Հետո խումբը մեկնում է Տաթեւ։ Փոքրամարմին մի ծերունի նկատում է՝ տրակտոր չունեն, գազ չունեն, 1200 բնակչից կեսն էլ չի մնացել գյուղում. «Էս պատմական գյուղը քայքայվում ա, ընկերներ»։ Սակայն ծերունին, իհարկե, «Այո» կասի Սերժ Սարգսյանի Սահմանադրությանը։ Նրանից փոքր-ինչ ջահել տաթեւացին այո-ականներին թույլ չի տա իրենց խաբել. «Սահմանադրություն կա՝ կատարո՞ղն ով ա, անկատար ա մեր Սահմանադրությունը։ Ոչ մեկը Սահմանադրությունը չի կատարում, հինը հլա կատարի, նորի մասին կխոսենք»։ Խոսում են բոլոր այո-ականները, հնչեցնում բոլոր փաստարկները։ Հրայր Թովմասյանն է գործին խառնվում՝ եկեք անցնենք խորհրդարանական համակարգին, ես դրա մասնագետն եմ, խորհրդարանը ձեր փոխարեն կանի ամեն ինչ. «Մեր ժողովուրդը պատրաստ չի դրան, մենք ոչինչ չանենք ու պառլամենտը անի, մեր երկիրը դրան պատրաստ չի»։ Տաթեւացիները թեման փակում են՝ հիշեցնելով, որ իշխանությունները մինչեւ այսօր որեւէ բան անելիս Սահմանադրության կարծիքը չեն հարցրել… »։