Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանության կողմից սադրանք եմ տեսնում. կամուրջը բարակել է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d70eb388d8903012ec4d1dbcc4656b7a

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դժվարանում է կանխատեսել` ինչ զարգացումների կարող է հանգեցնել Ազատության հրապարակում փետրվարի 20-ին ընդդիմադիր եռյակի հրավիրած շտապ հավաքը. «Նորմալ մարդու ցանկություն կլինի այն, որ չլինեն բախումներ, չունենանք նոր մարտի մեկեր, եւ կարողանանք օրենքի շրջանակում կարգավորել հարցը, կամուրջը բավականին բարակել է այս վերջին իրադարձությունների հետ կապված»: Նա տարօրինակ էր համարում Սերժ Սարգսյանի՝ ԲՀԿ առաջնորդի հասցեին գնահատականները, բայց չի կարծում, որ այժմ անձերի պայքար է ընթանում. «Ապրիլի 24-ի նախաշեմին իշխանության կողմից նման քայլ, նման հայտարարություն... ինչ-որ տեղ նաեւ սադրանք եմ տեսնում»: ՀՀԿ-ականները քաղաքական պայքարի սրացում չեն տեսնում, իսկ առաջիկա հանրահավաքին, իրենց խոսքերով, մայդանին չեն սպասում։ ՀՀԿ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ «նույն կարգի հանրահավաքներ են լինելու, բողոք են ներկայացնելու, որ իշխանությունները խախտում են օրենքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ այն: Հատկապես քննադատելու են, որ Գագիկ Ծառուկյան մարդու իրավունքները խախտվում են ՀՀ-ում»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է. «Ցանկացած օրինական գործողություն մեզ համար ընդունելի է, ցանկացած անօրինական գործողություն ընդունելի չէ: Ասենք` շուրջօրյա հանրահավաքնե՞ր. ես չեմ որոշում` դա անօրինական է, թե ոչ, դրա համար կա օրենք, դրա համար կան իրավապահ մարմիններ»: Երեւանի քաղաքապետարանն ընդունել է ի գիտություն` Ազատության հրապարակում անցկացվելիք շտապ հավաքը մեկ նկատառումով` բացակայում է նման շտապ հավաքներ անցկացնելու հիմքը: Քաղաքապետարանի հայտարարությունից չի հասկացվում՝ թույլ կտա՞ն, թե՞ թույլ չեն տա հավաքի անցկացումը։ Իսկ ԱԺ-ում քննարկում են՝ արդյո՞ք առաջիկա քառօրյային ԲՀԿ-ն կհայտարարի իր ընդդիմադիր լինելու մասին, քանի որ մինչ այս պահը նա իրեն այլընտրանք էր համարում։ «Այսօր այդ անձնավորությունը ընդդիմադիր լիդերություն է անում քաղաքական դաշտում, չնայած` իրենց այլընտրանք են կոչում, բայց լրիվ ընդդիմադիր իշխանություններին»,- նշում է Ռազմիկ Զոհրաբյանը: Էդուարդ Շարմազանովը հավելում է. «Ինձ չի հետաքրքրում` ԲՀԿ-ն իրեն ինչ կհայտարարի, դա իրենց որոշելու խնդիրն է»: «Արդեն բացարձակ ընդդիմադիր կեցվածքի մեջ է, հիմա` կհայտարարեն, թե ոչ, չգիտեմ, բայց դա արդեն ձեւական կողմն է, քանի որ այս ընթացքում բոլոր քայլերը ընդդիմադիր կեցվածքով են եղել»,- ասում է Ռուբեն Հակոբյանը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հստակություն է մտցնում. «Մեր ամբողջ գործունեությունը եղել է ընդդիմադիր բնույթի: Մենք գնացել ենք առանց ցնցումների ճանապարհով, կանխատեսելի, այս պետությանը նոր ցնցումները կործանարար կարող են լինել, բայց այս վերջին իրադարձություններն ուղղակի արագացրին դեպքերը»։ Ի դեպ, ԲՀԿ խմբակցությունն արդեն լքել են Արագած Ախոյանն ու Կարո Կարապետյանը: Իսկ ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանը հայտարարել է` եթե Գագիկ Ծառուկյանին զրկեն պատգամավորական մանդատից եւ դա լինի մինչեւ փետրվարի 20-ը, իր մյուս կուսակիցների հետ պատրաստ է նստացույցի, անգամ` հացադուլի: