Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին (տեսանյութ)

Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին»,- այս մասին իր սոցցանցի էջում հրապարակված տեսանյութին կից գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի հետ նախաստորագրված փաստաթղթին, ՀՀ իշխանություններին և, ընդհանրապես, հայ ժողովրդին, որը, ըստ իշխանությունների, անհամբեր սպասում է Ադրբեջանի հետ մասշտաբային առևտրին։

Միևնույն ժամանակ, երբ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում կոտրել էր Հիսուս Քրիստոսի արձանը, և այդ լուսանկարը տարածվեց, Իսրայելի բոլոր պաշտոնյաները ներողություն խնդրեցին քրիստոնյա աշխարհից, քանի որ հարցը բարձրաձայնվեց ինչպես քրիստոնյա պետությունների, այնպես էլ Լիբանանի կողմից, որի բնակչության մոտ 35–40 տոկոսն է քրիստոնյա։

Իսկ ՀՀ իշխանությունները՝ Արտգործնախարարությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք բաց բերանով գնում են Բաքու և նույն կերպ ժպիտներով վերադառնում, ոչինչ չեն ասում այս ամենի վերաբերյալ։ Ամոթ ձեզ։ Հայկական Քրիստոնեական մշակույթը ոչնչացվում է պետական մակարդակում, ինչո՞ւ եք լռում։ 

Լավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը մնալու է անպատիժ, և ադրբեջանական վանդալիզմը շարունակելու է ծավալվել արդեն այսօրվա Հայաստանի տարածքում։ Հունիսի 7-ին այդ արհավիրքը կանգնեցնելու շանս ունենք»,- գրել է Մարուքյանը: