Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեսրոպ Մովսեսյանի պատասխանը դատարկախոսներին

Հարցազրույց
7ad3188d1e64c3ff68a244fa477b357d

«Ա1+»... զարմացած հայացք՝ այս անունն ամեն անգամ լսելիս։ 2002թ հեռուստաընկերության եթերազրկումից մինչ օրս շատերը զարմանում են, թե ինչպես է գոյատեւում «Ա1+»-ը, ու իրենց զարմանքը տեղի- անտեղի ներկայացնում տարբեր վարկածներով։   Հետո ստիպված են լինում հերքել իրենց իսկ հորինած տարբերակը, երբ առիթ են ունենում հեռուստաընկերության աշխատանքին անձամբ ծանոթանալու։   «Ա1+» հեռուստաըկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի արձագանքն այս անգամ արդեն բուռն է. -Զզվեցրին արդեն: Չգիտես ինչու բոլորն ուզում են խոսքերը շաղ տալ, ընդ որում, հիմնականում ձգտելով ցեխ շպրտել բոլորի ու ամեն ինչի վրա, բացի իրենցից, իհարկե: Ավելի լավ է շրջվեք, ձեզ ու ձեր գործերին նայեք, գնահատեք ձեզ շրջապատող ամեն ինչը և անպայման փորձեք գտնել ձեզ շրջապատում: Շատ են դատարկ ու չմտածված խոսակցությունները «Ա1+»-ի կարգավիճակի ու դիրքի մասին: Մե՛րթ վաճառվել ենք, մե՛րթ մեզ հետ են գնել, մե՛րթ ամերիկացիներին ենք ծախվել, մե՛րթ Սերժին, մե՛րթ Լևոնին և այլն: Ես չեմ հասկանում, թե դա ինչներին է պետք։ Մի՞թե էլ ոչինչ չկա, ինչով կարող եք լրացնել ձեր աշխատանքային օրը, ձեր կայքերը, ձեր դատարկ եթերային ժամանակը: Կարծում եմ, բավ է դատարկախոսել, ժամանակն է արդեն գործով զբաղվել, գործընկերներ: Այս դատարկաբանության մեջ արտահայտվում է լոկ տեղեկատվական դաշտում ձեր անօգնականությունն ու ձեր ուղեղների իմպոտենցիան: Դրանում դուք ինքներդ եք մեղավոր: Ավելի լավ դրսևորվեք ձեր մասնագիտական ոլորտում, որտեղ այսօր լուրջ աշխատանք է պահանջվում, այլ ոչ թե տեր փնտրեք՝ ոչ ձեզ, ոչ էլ ուրիշներին: Ո՞վ է մեղավորը Համաձայնվեք, որ մենք բոլորս ենք մեղավոր նրանում, որ լրագրությունը դարձրել ենք սղագրություն, և ողջ այս ամենօրյա վազվզոցը, ժամանակի ու դրամի վատնումը: Մեկը թելադրում է, և բոլորը միասին սղագրում են: Չկա լրագրողական աշխատանք, չկա տրամաբանություն և իմաստ այն ամենում, ինչը մենք այսօր անում ենք: Մենք բոլորս այսօր ձգտում ենք ավելի քիչ աշխատել և ընդհանրապես չմտածել, սակայն հավաքել ավելի շատ ընթերցող կամ հեռուստադիտող, ավելի կոնկրետ՝ լայք։ Մենք բոլորս ձգտում ենք բարելավել կայքի դիզայնը, բայց հետո պահում ենք այն դատարկ, գորշ ու ձանձրալի։ Հեռուստատեսային տաղավարները սկսել են նմանվել տիեզերական կայանների և ֆանտաստիկ հյուրանոցների ֆանտաստիկ նախասրահների, որտեղ հաղորդավարների փոխարեն նստած են ժպտացող դռնապահները, իսկ հաղորդումները ոչ ոք չի դիտում: Ասում են, որ տաղավարի պատկերը՝ երկրի հզորության արտացոլումն է, իսկ հաղորդավարը՝ երկրի դեմքը: Ճիշտն ասած, այդ ամենը տեսնելը վախեցնում է: Սարսափելի է ապրել մեր այսօրվա երկրում եւ գնալ դեպի ապագա: Ճիշտն ասած, մենք չենք էլ պատրաստվել ապագա գնալ, այսօր էլ մենք դոփում ենք տեղում: Մենք կորել ենք ինչ-որ մի տեղ՝ մեր անցյալի ու այսօրվա մեջտեղում: Հենց այդ վիճակն է, այդ ամենը թույլ է տալիս բոլորին, ով այսօր մոտ է կանգնած իշխանությանը, ստորացնել, հարվածել ու ծաղրել մեզ՝ լրագրողներիս: Մի՞թե չկա խոսքի ազատություն Մենք բոլորս խոսում ենք խոսքի ազատության մասին, բայց մենք բոլորս միայն նմանակում ենք հանուն դրա տարվող պայքարը: Այդ ամենի պատճառն այն է, որ մենք դեռևս չգիտենք, ինչ անել դրա հետ, մենք դեռևս անցյալում ենք: Այսօր վախն է ղեկավարում մամուլը: Դրանում է մեր դժբախտությունը, և այդ ամենից հետո, իհարկե, անհրաժեշտ է դիմակ, դատարկ գորշ ծուխ, պղտոր ջուր: Ուստի պետք է հարվածը մեկ ուրիշի վրա փոխանցել և անցնել դեպի ստվեր, դեպի պղտոր ջուրը: Փոխանցենք: Եկե՛ք միասին: Շատ լավ, հիվանդ գլխից՝ փոխանցենք առողջին ու շարունակենք մեր ստորացված ու գորշ աշխատանքը՝ հպարտորեն կոչելով այն արդեն անհասկանալի և արդեն վաղուց մոռացված մեր երկրի համար օտար՝ լրագրություն բառով: