Բացել լրահոսը Փակել լրահոսը
արա մինասյան
A A
Քաղաքականություն

Արա Մինասյանի գործով  երկու տարուց ավելի է դատական նիստեր չեն կայացել

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի  նախկին տնօրեն Արա Մինասյանի գործով Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում 2024 թ հունվարի 15-ին նշանակված նախնական դատական նիստից բացի այդ տվյալներ առկա չեն։

   «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ փաստաթուղթը գեներացվել է այս տարվա ապրիլի 3-ին։ Ստացվում է՝  արդեն երկու տարուց ավել է որեւէ դատական նիստ տեղի չի ունեցել։

Արա Մինասյանից  եւ նրա կնոջից Արմինե Հասրաթյանից,  դատախազությունը հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է  բռնագանձել մի քանի բնակարան, ավտոմեքենաներ, դրամական միջոցներ եւ թանկարժեք այլ գույք։ Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոց, 14-րդ նրբանցք, թիվ 8 հասցեի գույքը, Երևանի  Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի 6-րդ շենքի 6-րդ բնակարանը, Երեւանի  Տերյան փողոցի թիվ 66 շենքի թիվ 34 ավտոկանգառը, Երևանի Տերյան փողոցի թիվ 66 շենքի 41-րդ բնակարանը, Գյումրիի Արտակ Եպիսկոպոս Սմբատյան փողոց, թիվ 14 հասցեի անշարժ գույքը, «LEXUS LX 470» մակնիշի տրանսպորտային միջոցը,   «LEXUS LX 570» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը, «TOYOTA LAND CRUISER 100 4.7» մակնիշի ավտոտրանսպորտային միջոցը, «ADAMS AND ROBERTSON LTD» ընկերությանը փոխանցված բնակարանը ձեռք բերելու արժեքի չափով գումար՝ 53 620 եվրո (26 042 697 ՀՀ դրամ),  30 հատ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամները, թվով 34 հատ հուշադրամները, թվով 21 հատ ոսկեգույն ձուլակտորները և մեկ հատ ոսկեգույն մետաղական շղթա, թվով 300 հատ 100 ԱՄՆ դոլլար անվանական արժեքով թղթադրամները, թվով 10 ոսկեգույն ձուլակտրոները և թվով 5 հատ հուշադրամները, «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունում բացված հաշվին Արա Մինասյանի կողմից ներդրված 2 079 569 ՀՀ դրամի ավանդը, 137 313 015 ՀՀ դրամ գումար՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդը՝ 1 063 925 356 ՀՀ դրամ գումար։

  Հիշեցնենք, որ Արա Մինասյանը  Սերժ Սարգսյանի խնամին է, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը։

Նա  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի պաշտոնից ազատվեց 2018-ի հուլիսին, երբ Առողջապահության նախարարությունը հաղորդեց, որ բժշկական կենտրոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը հասցվել է 545 միլիոն դրամի վնաս։