Քաղաքից չեն երևում գյուղի հոգսերը
«Քաղաքից չեն երևում գյուղի հոգսերը,- կարծում է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Վաղարմեն Մալխասյանը: -Քաղաքի մասնագետները պիտի չալարեն, սկսած մեր ազգային ժողովի երեսփոխաններից, նրանցից ոչ մեկը գյուղացուն հաշվի չի առնում որոշումներ կայացնելիս»,-շարունակեց ֆերմերը: Վաղարմեն Մալխասյանին բարկացրել է այն հանգամանքը, որ այլևս գյուղացին չի կարողանում իր սեփական մեքենայով ապրանք վաճառել Երևանյան թաղամասերում. «Առաջ գյուղացին իրավունք ուներ քաղաքի բակերում վաճառել իր ապրանքը: Հիմա եթե գյուղացին մտնում է քաղաք, գալիս է թաղայինն ու ասում` դուրս եկեք այստեղից, թե չէ մեքենան կտանեմ: Ու ասեմ, որ մի հոգու կամ 2 հոգու հետ չի, որ եղել է այս միջադեպերը, բոլորի հետ նույն կերպ են վարվում»: Վաղաշեն գյուղն իր ապրելակերպով և կենսամակարդակով չի տարբերվում այլ գյուղերից և հարևան համայնքներից: Այստեղ էլ ապրուստի հիմնական միջոցը անասնապահությունն ու գյուղատնտեսական աշխատանքներն են: Սակայն ոչ միայն խնդիր կա ապրանքը իրացնելու, այլև սերմացու ձեռք բերելու. «Գիտեք սերմն ինչքան թանկ ա`1 կիլոն 550 դրամ է: Իսկ եթե Էժան սերմեր առնեք, ապա բերք չենք ստանա, որովհետև այս դրսից բերված սերմերը 1-2 տարի են բերք տալիս»,-ասում է Վաղարմեն Մալխասյանը: Նա նաև ընդգծեց, որ աշխատանք չունենալու պատճառով գյուղը դատարկվում է. «Վերնագիր եմ դրել` կռունկները գնում են Ռուսաստան: Մեր թաղամասում 3 տան դուռ է բաց, մարդիկ իրենց հողերը թողել են ու գնացել: Գյուղատնտեսությունը որ ձեռնտու լիներ, բա կգնայի՞ն: Ախր միսն էլ չենք կարում իրացնենք, իսկ պատճառը դրսից եկած, սառեցրած անորակ ապրանքն է»: