Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արվեստագետները հենց այնպես չեն մահանում» (տեսանյութ)

Մշակույթ
nkar00001

Մի քանի օր առաջ Կամերային երաժշտության տանը հրաժեշտ էին տալիս հայ արձակի դասական Լեւոն Խեչոյանին։ Բացառված չէ, որ այստեղից վերջին հրաժեշտը կտան Կամերային նվագախմբի նախկին գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանին. Դա հանձնաժողովը կորոշի ընտանիքի հետ միասին՝ ասաց Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը։ Սոցիալական կայքերը եւ լրատվամիջոցները դիրիժորի մահից անմիջապես հետո տեղեկություններ տարածեցին, թե ինչպես Հայաստանում մահվան դուռը հասցրեցին հեղինակավոր դիրիժորին։ Ազգային կենտրոնի տնօրենը վստահեցնում է՝ ոչ մի թունավորում չի եղել, ընդամենը պարոն Ղարաբեկյանը նկատողություն էր արել աշխատակիցներից մեկին. «Ինչպես միշտ՝ մի ստից բանից։ Եվ ըտենց խորացավ, ամբողջ կոլեկտիվն ըմբոստացավ, եւ Արամ Ղարաբեկյանը թողեց հեռացավ»։ Ըստ Արման Ծատուրյանի՝ Արամ Ղարաբեկյանը սրտի հետ խնդիրներ ուներ, մեկ տարի առաջ վիրահատվել էր։ Նրա մահից հետո առաջացած աղմուկը ազգային կենտրոնը չի համարում ուշացած գնահատական «գնա մեռի, արի սիրեմ» տարբերակով. «Իր գնալուց հետո, երբ նվագախմբի 50 ամյակը եղավ, բոլոր տեղերը Արամ Ղարաբեկյանի նկարները կար, այսինքն՝ էդ գիծը պահվել ա, ոչ ոք չի ջնջել նրա անունը»։ Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը Լեւոն Խեչոյանի պես կռվել է արցախյան ճակատում։ Պատերազմից հետո մասնակցել է 40-ից ավելի միջազգային անհատական ցուցահանդեսների։ Նա նկատում է, որ մի ժամանակ արվեստագետին գնահատում էին գոնե հետմահու։ Հիմա դա էլ չեն անում. «Լպիրշության աստիճանն այն չափերի է հասել, որ թքած ունեն բոլորիս վրա»։ Թե ինչու ժողովուրդը ապրող արվեստագետին չի գնահատում, գեղանկարիչը բացատրում է այն աղբով, որը նրան հեռուստաընկերություններից մատուցում են որպես ազգային արժեք։ Պարոն Աղաբաբյանի համոզմամբ, վատ ժամանակներ են Հայաստանում, իշխանությունը տնօրինում են արվեստից ոչինչ չհասկացող մարդիկ. «Չի կարելի թեւաթափ լինել, ինչ-որ գյադա-գյուդեքի թույլ տալ էս երկիրը հոշոտել։ Ի վերջո էս իշխանավորների մեջ չեմ տեսնում մեկին, որը մտահոգ լինի երկրի ճակատագրով»։ Նիկոլ Աղաբաբյանն, ի դեպ, տրամաբանական է համարում արվեստագետների այսքան հաճախ տեղի ունեցող հիվանդություններն ու մահերը։ Նրանք հենց այնպես չեն հիվանդանում. «Հիմա, օրինակ, մեր մոտ Թեղուտում քանդել են, էդ հանքահորեր են բացել, չգիտեմ ինչեր են արել, էնդեղ ուրանի հանքեր կան, ուրան բացել, նշանակում ա քաղցկեղի օջախներ բացել»։ Գրող Հարություն Հարությունյանը երկու գրքի հեղինակ է, այն կարծիքին չէ, թե Հայաստանում արվեստագետին գնահատում են միայն հետմահու, ով որ պետք է, նրան նկատում է կյանքի օրոք. «Ժողովուրդը ինքը կարողանում ա գնահատել, կարողանում ա արժեւորել, կարողանում ա թացը չորից տարբերել, այլ բան ա, որ ժողովրդի գնահատականը չի բարձրաձայնվում»։ Արձակագիրը նկատում է, որ իշխանությունների գնահատականը ոչ մեկին պետք չէ, մեկ-երկու մեդալն ու կոչումը մի օր կմոռացվի. «Հիմա էսօր ո՞վ ա Գեւորգ Աբովին հիշում... Չէ՞։ Բայց էն ժամանակ գնահատված էր ինքը։ Բայց ո՞վ ա հիշում։ Մենք հիշու՞մ ենք, դուք հիշու՞մ եք։ Չենք հիշում։ Բայց Չարենցին հիշում են»։