Մայրական կաթը երեխայի առողջ կյանքի լավագույն սկիզբն է
Աջակցիր «Ա1+»-ին
Առողջապահության նախարարությունից հայտնում են․
Մայրական կաթը՝ երեխայի առողջ կյանքի լավագույն սկիզբն է: Կրծքի կաթը հարուստ է պաշտպանական և սնուցողական բաղադրիչներով, որոնք օգնում են նվազեցնել հիվանդությունների ռիսկը և ապահովում են երեխայի բնական զարգացումը։ Դրա բացակայությունը կարող է հանգեցնել ոչ լիարժեք սնուցման և հիվանդացության բարձրացման։

Խորհուրդ է տրվում`

Մոր և նորածնի «մաշկ մաշկին» շփում` որքան հնարավոր է շուտ, եթե չկա մորը կամ նորածնին անհապաղ օգնություն ցուցաբերելու կարիք

Սկսել կրծքով կերակրումը կյանքի առաջին մեկ ժամվա ընթացքում

Մոր և մանկան համատեղ կեցություն

Երեխային կերակրել կրծքով` հաշվի առնելով երեխայի պահանջները` այնքան հաճախ, այն տևողությամբ, ինչքան անհրաժեշտ է երեխային:

Կրծքին ճիշտ ամրակցումը կարևոր է թե՛ մոր, թե՛ երեխայի համար։ Այն կանխում է ցավերը, ճաքերը և նպաստում է բավարար կաթնարտադրությանը։
Ճիշտ ամրակցման նշաններ են՝

Արեոլայի մեծ մասը երեխայի բերանում է

Բերանը լայն բացված է, ստորին շրթունքը՝ դուրս շրջված

Կզակը դիպչում է կրծքին:

Ե՞րբ կերակրել
Մի սպասեք, մինչև երեխան լաց լինի։ Քաղցի վաղ նշաններն են՝ ձեռքերը բերան տանելը, ծծելու շարժումները, թքարտադրությունը։ Թույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի ուտելը։ Չնայած երբեմն մայրերն անհանգստանում են, որ երեխան բավարար կաթ չի ստանում, իրականում կան հստակ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ երեխան կուշտ է՝

Երեխայի քաշի կայուն ավելացում

Միզելու բավարար հաճախականություն:

Կրծքով կերակրումը ոչ միայն սնուցում է, այլև պաշտպանում, ամրացնում կապը մոր և երեխայի միջև և ստեղծում առողջ ապագայի հիմքը։