Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզ՝ ծանոթացել տարբեր բնակավայրերում իրականացված ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Նոր Հաճն համայնքի Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում: Այն վերանորոգվել է ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 248 մլն 514 հազար դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 303 աշակերտի համար։

Նոր Հաճն համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Նոր Գեղի բնակավայրի «Նուվո վիլաժ» ընկերության պղպեղի ջերմատուն: «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի շրջանակում Կառավարությունն օժանդակել է մասնավորի կողմից 5.2 հա մակերեսով պղպեղի ջերմատան հիմնմանը։ Ծրագիրն իրականացվել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ վարկային միջոցներով, որից վարկի ամբողջական տոկոսի սուբսիդավորումը կազմել է 10 %:

Վարչապետի հաջորդ կանգառը եղել է Նաիրի համայնքի Բուժական բնակավայրի մանկապարտեզում: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը՝ նախատեսված 90 սաների համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 470 մլն 180 հազար դրամ, որից 70%-ը՝ շուրջ 329 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Չարենցավան համայնքում երկրի ղեկավարին ներկայացվել են «Բջնի Ամրոց» պատմամշակութային արգելոց տանող 2 կմ երկարությամբ հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 104 մլն դրամ: Վարչապետը կարևորել է ճանապարհի կառուցումը, ինչը կնպաստի Բջնիում զբոսաշրջության խթանմանն ու «Բջնի Ամրոց» զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը։

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Ֆանտան բնակավայրի «Պիոն» ընկերության վարդի ջերմատանը, որը հիմնվել է «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության» ծրագրի օժանդակությամբ։ Ջերմատունը հիմնվել է շուրջ 3 մլրդ վարկային միջոցներով: «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի շրջանակում վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կազմել է 10 %՝ շուրջ 77 մլն 308 հազար դրամ։ Ներդրումային ծրագրի շրջանակում Կառավարության կողմից կիրառվել է նաև ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության իրավունքը։ Արդյունքում՝ մասնավորի կողմից հիմնվել է 4.37 հա մակերեսով վարդի ջերմատուն։

Այնուհետև վարչապետն այցելել է Հրազդան համայնքի Քաղսի բնակավայրի միջնակարգ դպրոց: Կրթական հաստատությունը վերանորոգվել է ՀՀ Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 377 մլն 880 հազար դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 403 աշակերտի համար։

Հաջորդիվ՝ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում վերանորոգվել է շինության 300 քմ մակերեսով տարածքը, կահավորվել գույքով և տեխնիկայով: Կենտրոնն ընդգրկված է եղել ՀՀ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով մինչև 2026թ. ավարտը նախատեսված 25 երիտասարդական կենտրոնների թվի մեջ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 36 մլն 983 հազար դրամ, որից ՀՀ Կառավարությունը հատկացրել է 59%-ը՝ շուրջ 21 մլն 708 հազար դրամ: Ներկայացվել է, որ տարեկան կտրվածքով կենտրոնի ծառայություններից օգտվելու է 200 երիտասարդ դրամաշնորհային հայտով պարտավորված ծրագրային ուղղություններով։ 2026թ. ապրիլի 4-ի դրությամբ գրանցվել են 520 այցելուներ:

Աբովյան համայնքում երկրի ղեկավարը շրջայց է կատարել Բալահովիտ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 165 մլն 544 հազար դրամ, որից 70 %՝ շուրջ 115 մլն 881 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 70 սանի համար։

Ակունք համայնքում վարչապետը ծանոթացել է Նոր Գյուղ բնակավայրի նորակառույց մանկապարտեզի շենքի պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 263 մլն 144 հազար դրամ, որից 70%-ը՝ շուրջ 184 մլն 200 հազար դրամը հատկացրել է Կառավարությունը։ Նորակառույց մանկապարտեզը կարող է ընդունել 90 սան երեխա։

Նիկոլ Փաշինյանը Ջրվեժ համայնքում այցելել է Ձորաղբյուր բնակավայրի Վ. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ ՀՀ կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 205 մլն դրամ։ Վերանորոգված դպրոցը նախատեսված է 259 աշակերտի համար։