Արթուր Աբրահամը չի վերադառնա Հայաստան (տեսանյութ)
WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, պրոֆեսիանալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մտադիր է եւս երկու մենամարտ անցկացնել այս տարի։
«Օգոստոսին արդեն նախատեսված է մեկ մենամարտ, սակայն ինքս ուզում եմ եւս մեկ մարտ անցկացնել դեկտեմբերին։ Մրցակիցները դեռ հայտնի չեն, սակայն իմ գործակալը զբաղվում է այդ հարցով եւ շուտով պարզ կդառնա իմ առաջին հակառակորդը» - այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց անվանի բռնցքամարտիկը։
Արթուր Աբրահամը նաեւ տեղեկացրեց, որ դեռ երկու տարի կշարունակի իր ելույթները պրոֆեսիոնալ բռնցքամարտում. «Երբ չեմպիոն ես, չեմպիոնական գոտին քո մոտ է լինում, ապա որպես մարզիկ հոգեպես շատ հանգիստ ես զգում։ Իմ առաջիկա նպատակը հենց այդ գոտին պահպանելն է»։
Աշխարհի չեմպիոնը միանշանակ նշեց, որ չի պատրաստվում վերադառնալ Հայաստան եւ մշտական բնակություն հաստատել այստեղ. «Ես Գերմանիայում որպես մարզիկ ձեւավորվել: Բացի սպորտից այնտեղ ես այլ գործեր ունեմ, իսկ գալ Հայաստան եւ կառավարել այստեղից, իմ համար դժվար կլինի: Բայց իմ կապը Հայաստանի հետ միշտ պահպանելու եմ, քանի որ շատ եմ սիրում իմ հայրենիքը»:
«Ա1+»-ի թղթակցի այն հարցին, թե ինչպես է գործում Գերմանիայում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, Արթուր Աբրահամն ասաց. «Գերմանիայում կա երկու տեսակի կենսաթոշակ` պետական եւ անձնական: Եթե դու չես ցանկանում վճարել անձնական կենսաթոշակի համար, ապա կարող ես հրաժարվել դրանից, սակայն պետական կենսաթոշակի համար վճարումները պարտադիր են բոլորի համար: Ես օրենքով բոլոր վճարումները կատարում եմ»: